ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հռչակագիրում Հայաստանի մասին անդրադարձ կա

8

Ուելսում սեպտեմբերի 4-5-ը տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է հռակագիր, որում անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասին. «Ռուսաստանի կողմից Ղրիմի օկուպացիան և ռազմական ներխուժումը Արևելյան Ուկրաինա ՆԱՏՕ-ի արևելաեվրոպական գործընկերների մոտ առաջ են քաշել հիմնավոր մտավախություններ։ Դաշինքը շարունակելու է աջակցել իր գործընկերներին՝ արտաքին և անվտանգության քաղաքականության շրջանակներում ինքնուրույն և սուվերեն ընտրություն կատարելու իրավունքի ապահովման հարցում՝ առանց արտաքին ճնշումների ազդեցության։ Դաշնակիցները նաև հավատարիմ են մնում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանն աջակցելուն»:

Հաջորդ կետը ևս նվիրված է Հարավային Կովկասին. «Մենք կշարունակենք աջակցել Հարավային Կովկասում և Մոլդովայում խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին` հենվելով հիշատակված սկզբունքների և միջազգային իրավական նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա: Հակամարտությունների գոյությունը հատուկ մտահոգության առիթ է, քանի որ այն խոչընդոտում է տարածաշրջանի բնակիչների ողջ ներուժը բացահայտելուն` որպես եվրոատլանտյան համայնքի անդամներ: Բոլոր կողմերին կոչ ենք անում կառուցողական  և հզոր քաղաքական կամք դրսևորելով` մասնակցել գոյություն ունեցող բանակցային ձևաչափերի խաղաղ կարգավորմանը»,- ասված է հռչակագրում: