Սահմանադրական դատարանում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթների սահմանադրականության հարցի քննության ընթացքում ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հաճախ վատ դրության մեջ են ընկնում ՍԴ անդամների հարցերին հստակ պատասխաններ չտալու համար:
ՍԴ նախագահի հարցմանը նվազագույն աշխատավարձի մասով, համաձայն որի քաղաքացու նվազագույն աշխատավարձ ստանալը նրա սահմանադրական իրավունքն է, և արդյոք այդ նվազագույն աշխատավարձ ստացողից էլ են պարտադիր գանձում այդ գումարները, մինչդեռ նախորդ օրենքի համաձայն գործատուից էր գանձվում նրա սոցիալական վճարը: Նախարար Արտեմ Ասատրյանը շատ երկարաշունչ փորձեց պատասխանել, որ կառավարությունն ամեն ինչ անում է նվազագույն աշխատավարձի հարցերը լուծելու և օրենսդրական որոշակի բարեփոխութմներ մտցնելու համար, սակայն Ասատրյանին ընդհատեց ՍԴ նախագահ Հարությունյանը՝ նշելով, որ իրենց չի հետաքրքրում կառավարության առաջիկա անելիքները, և որ Ասատրյանը հարցին հստակ պատասխանի: Ասատրյանը նշեց, որ այո պարտադիր կարգով պահվելու է նաև նվազագույն աշխատավարձ ստացողների գումարներից: ՍԴ նախագահը հարցրեց նաև գործատուներին հատուկ կարգավիճակ տալու մասին, ըստ որի գործատուն զութ գումար փոխանցող է դառնում՝ որևէ կերպ մասնակից չդառնալով սոցիալական ապահովության գումարներ վճարելու գործընթացին: Այս հարցին նախարար Ասատրյանը ամեն ձևով փորձեց շրջանցել: ՍԴ նախագահը, չստանալով որևէ ստույգ պատասխան, անցավ հաջորդ հարցին:
Իսկ ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը Արտեմ Ասատրյանին հարցրեց՝ արդյոք կենսաթոշակ ստանալը քաղաքացու սահմանադրական իրավո՞ւնքն է: Նախարար Ասատրյանը պատասախանեց, որ այո:
Այնուհետև հաջորդեց Թոխյանի մյուս հարցը`քաղաքացին կարո՞ղ է հրաժարվել կենսաթոշակ ստանալու իրավունքից:
«Կենսաթոշակի իրավունք ստանալուց հետո քաղաքացին դիմում է ներկայացնում, որ ցանկանում է ստանալ կենսաթոշակ: Նա դիմում է ներկայացնում, նոր է սկսում կենսաթոշակ ստանալ», -պատասխանեց Արտեմ Ասատրյանը:
Թոխյանը հարցադրում արեց, թե ինչու պետք է քաղաքացին պարտադիր վճարի, որպեսզի կենսաթոշակ ստանա, եթե կարող է հրաժարվել:
Արտեմ Ասատրյանի պատասխանը զավեշտալի էր. «Վճարելը դա արդեն պարտականություն է»:
«Այսինքն, դուք ինչո՞ւ եք քաղաքացուն ասում` արի 40 տարի վճարի, որ հետո դու իրավունք ունենաս հրաժարվել»,- ասաց ՍԴ անդամը:
Ասատրյանը կրկին փորձեց հարցին երկարաշունչ պատասխանել՝ արդարացնելով համակարգում առկա խնդիրները:














