Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղարությունը հրապարակել է Սահմանադրության 1-7 գլուխների նախագծի նախնական տարբերակը, որում ուշագրավ կետեր կան:
Ըստ նոր տարբերակի՝ 4-րդ գլխում նշվում է, որ Ազգային ժողովը կազմվելու է առնվազն 101 պատգամավորից: ԱԺ-ն ընտրվում է համամասնական ընտրակարգով, որը պետք է երաշխավորի կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: Եթե կայուն մեծամասնություն չի ձևավորվում, ապա անց է կացվում քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները, կամ կուսակցությունների դաշինքները:
4-րդ գլխի 5-րդ կետով սահմանվում է, որ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները պարտավոր են ներկայացնել վարչապետի թեկնածություն և կառավարության ծրագրի հիմնադրույթները: ԱԺ-ն ընտրվում է 5 տարի ժամկետով:
Առաջարկների գլուխ 5-ը վերաբերում է Հանրապետության նախագահին և նրա լիազորություններին։ Ըստ նախագծի նախնական տարբերակի՝ առաջարկվում է՝ նախագահն ընտրվի 7 տարի պաշտոնավարման ժամկետով, նույն անձը նախագահ կարող է ընտրվել միայն 1 անգամ, սահմանափակումը վերաբերում է երկու անգամից ավել անընդմեջ պաշտոնավարելուն։
Սույն գլխի 6-րդ կետը սահմանում է, որ Հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ։
Ուշագրավ է, որ նախագահն ընտրվում է ընտրիչների ժողովի կողմից, ոչ թե քաղաքացիների կողմից ուղիղ քվեարկությամբ։ Ընդ որում, ընտրիչների ժողովը կազմված է Ազգային ժողովի պատգամավորներից և Ազգային ժողովի պատգամավորների թվին հավասար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց կազմից ընտրված ներկայացուցիչներից:
Ընտրիչների ժողովը գումարվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասուն օրվա ընթացքում: Հանրապետության նախագահի թեկնածուների առաջադրման իրավունք ունի ընտրիչների ժողովի անդամների առնվազն մեկ հինգերորդը:
Հայեցակարգի 6-րդ գլուխը վերաբերում է կառավարության ու նրա գործառույթների սահմանմանը, ձևավորման սկզբունքներին և այլն: Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Իր ծրագրի հիման վրա մշակում ու իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը:
Կառավարությունն իրականացնում է պետական կառավարման համակարգի ընդհանուր ղեկավարումը: Կառավարությունը բաղկացած է վարչապետից, փոխվարչապետերից ու նախարարներից:
Նախարարությունների թիվը չի կարող գերազանցել 18-ը: Վարչապետի ընտրությունը և նշանակումը Հանրապետության Նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո` եռօրյա ժամկետում վարչապետ է նշանակում ԱԺ ընտրություններում հաղթած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ներկայացրած վարչապետի թեկնածուին:
Վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքերում կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում Ազգային ժողովի նախագահը պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա առաջադրում է պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող վարչապետի թեկնածուին: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցելու իրավունք ունեն խմբակցությունների կողմից առաջարկված վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:
Վարչապետի ընտրությունն անցկացվում է անվանական քվեարկությամբ:
Հանրապետության նախագահն Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին նշանակում է վարչապետ:











