Մտածողները, չվախեցողները և համակարգից շեղվողները մեկուսացվում են

11

Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը Ռուսաստանում մեծ աղմուկ բարձրացրեց Հայաստանում: Նորմալ էր արձագանքը, քանզի Հայրապետյանին ճանաչում են բոլորը, և մեր երկրում ոչ ոք վատ բան չի տեսել ու չի լսել այս մարդուց, ով զբաղվել է իրական բարեգործությամբ, սակայն վիրավորվելով ՀՀ իշխանություններից՝ դադարեցրել է իր գործունեությունը:

Ռուսական լրատվամիջոցները հայտարարում են, որ Հայրապետյանի ձերբակալությունը կապված է նավթագազային ընկերությունից փողերի լվացման և ապօրինի յուրացման հետ: Պնդել, որ Հայրապետյանը հանցավոր ճանապարհով է գումար վաստակել, իհարկե, չենք կարող, չենք կարող նաև հաստատել, որ նա քաղաքական հետապնդման զոհ է, բայց կարող ենք փաստել, որ Հայրապետյանը ռուսական շուկայում մեծ դերակատարություն ուներ, ուստի նրա անձի հանդեպ կատարված ցանկացած ոտնձգություն միանշանակ առանց ենթատեքստի չի կարող գոյություն ունենալ:

Ռուսաստանում ամեն մարդ չէ, որ կարող է նավթագազային շուկա մտնել և գումարներ վաստակել: Սա անկասկած: Եվ այն, որ այսօր ռուսաաստանյան տնտեսությունում որոշակի վերափոխումներ են տեղի ունենում՝ կապված նաև միջազգային կառույցների սանկցիաների հետ, սա ևս միանշանակ է, և որ Հայրապետյանը կարող էր այդ վերափոխումների զոը դառնալ, հնարավոր վարկած է: Այսինքն՝ Պուտինը էներգետիկ ոլորտում ուզում է փոխել ընկերներին և Հայրապետյանը այս պարագայում, միգուցե, չի համապատասխանում պուտինյան այսօրվա ստանդարտներին:

Սակայն Հայրապետյանի և այս պարագայում Պուտինի հարաբերությունների ֆոնին, զարգանում է նաև հայկական կողմի ազդեցության վարկածը: Տարիներ առաջ, երբ Հայրապետյանը խոսեց հայաստանյան քրեաօլիգարխիկ համակարգի, օլիգարխների ողորմությունների մասին, որոնք ժողովրդի բերանից կտրել են ու վերադարձնում են ժողովրդին բարեգործություն անվանելով, Հայաստանում հեղափոխության և ոչ թե իշխանափոխության կարևորության մասին և «ցուցակ- օպերացիայի», որի մեջ, իհարկե, այդ ողորմություն բաժանող օլիգարխներն ու իշխանավորները կլինեն, որոնց համար Հայրապետյանը առաջարկում էր արտագաղթ կազմակերպել: Իհարկե, զրույցից տարիներ են անցել, բայց չեմ կարծում հայկական իշխանական երկնակամարում մոռացվում են նման ցավոտ վերքերը, չմոռանանք, որ Հայրապետյանին մինչ այդ արդեն փորձում էին Հայաստանից մեկուսացնել՝ Գանձասարի պատի հետ կապված աղմուկի ֆոնին:

Այսօր այս ամենի վառ ապացույցը մեր իշխանությունների լռությունն է կամ ոչ թե լռությունը, այլ ծաղրի մակարդակով արձագանքը հայ գործարարի ձերբակալությանը: Հովիկ Աբրահամյանը, ով վստահաբար իր վրա է վերցրել այդ օլիգարխներից մեկը լինելու հանգամանքը, բնավ չէր կարող տխրել Հայրապետյանի ձերբակալության լուրից, և նա նույնիսկ չթաքցրեց, այլ հեգնեց: Մինչ Հայրապետյանը հայտարարում էր, որ Հայաստանից պետք է արտագաղթեն օլիգարխները, այսօր Հովիկ Աբրահամյանը Ռուսաստանի հետ այնպիսի համաձայնագրեր է ստորագրում, որով խթանում է ժողովրդի արտագաղթը: Տարբերություններն ակնհայտ են:

ՀՀԿ-ական մյուս գործիչները ևս փորձեցին շրջանցել կամ ոչինչ չասող խոսքեր հնչեցնել: Սերժ Սարգսյանից, իհարկե, որևէ մեկը չէր էլ սպասում որևէ արձագանք, քանզի Հայրապետյանն ինքնին այս պարագայում վտանգ էր Սարգսյանի համար: Հեղափոխություն երևույթը Սերժ Սարգսյանի համար մահացու հարված կլինի և հավանաբար Սարգսյանը քաջ գիտակցում է, որ հեղափոխության համար բոլոր նախապայմանները կան: Այդ օլիգարխներից մեկն էլ Գագիկ Ծառուկյանն է, նրա թիմը նույնպես լռում է, լռում է ՀՀ ԱԳՆ-ն, բայց ահա խոսում է Զորի Բալայանը: Զորի Բալայանը, ով այն ժամանակ խնդրում էր Պուտինի, որ տեր կանգնի իր հողերին, այսօր խնդրում և պահանջում է Մոսկվայի առաջ հարց բարձրացնել ազգի, իր կամ խմբագրության անունից, որ ուշադիր լինեն Հայրապետյանի առողջությանը, քանզի նա շատ վատառողջ է, իհարկե, չխոսելով Հայրապետյանի ձերբակալության պատճառների մասին: Հետաքրքիր է, որ Հայաստանի անունից կրկին խոսեց միայն Բալայանը, բայց չփորձելով որևէ կերպ խառնվել գործին: Բալայանը հավանաբար շատ է օգտվել Հայրապետյանի բարեգործությունից, կամ միգուցե, Ղարաբաղի գործոնն է աշխատում, կամ միգուցե նման մակարդակով ինչ-որ մեկը պետք է խոսեր և ահա Բալայանն ամենահարմարն էր: Բայց զավեշտալին այն է, որ Բալայանը ոչ թե պաշտոնապես է դիմում Ռուսաստանի իշխանություններին, այլ խնդրում է, որ հայկական ինչ-որ ինտերնետային պարբերական գրավոր դիմի: Ծիծաղելի հանգամանք: Արցախի համար այդքան գործ արած մարդու համար պետական մակարդակով աջակցության փոխարեն լրատվամիջոցնե՞րը պետք է այդ դերը ստանձնեն: Երևի ռուսահպատակ Բալայանի ռիսկն այսքանն էր, չէ՞ որ նա չի կարող նեղացնել իրենից բարձրյալին՝ Պուտինին:

Իսկ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարեց, որ ամեն ինչ կանեն, որ Հայրապետյանին դուրս հանեն, քանզի վստահ են, որ վերջինքս մեղավոր չէ: Պաշտոնական մակարդակով այսքանն էին արձագանքները:

Փորձ է արվում Հայրապետյանին կապել նաև Քոչարյանի հետ, սակայն դա քիչ հավանական է, քանզի նույն Հայրապետյանն իր հարցազրույցում նշում է, որ Հայաստանում իշխում են Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ստեղծված համակարգի «պտուղները»: Քոչարյանը Տեր-Պետրոսյանի «արտադրանքն» է, այնպես որ դժվար թե Հայրապետյանը Սարգսյան-Քոչարյան զույգին առանձնացներ:

Հայրապետյանի ձերբակալությունը ուրախացրել է նաև ադրբեջանցիներին, վերջիններս տոնում են նրա անկումը: Վարկած կա, որ նույնիսկ նրա հակաթուրքական ու հակաադրբեջանական դիրքորոշումն է նաև այս ձերբակալության պատճառը:

Միանշանակ է, որ Հայրապետյանին կարող են փոշիացնել նրա գաղափարների համար: Փաստն այն է, որ Հայրապետյանին Հայաստանում չէին սպասում, պարզվում է՝ Ռուսաստանում ևս, քանզի Պուտինն առաջինն է, ով չի ուզում, որ ՀՀ-ում հեղափոխություն լինի, իսկ հայ գործարարը բարձրաձայնում էր: Պարզապես Հայրապետյանը այլևս չէր համապատասխանում միջազգային ստանդարտներին, սկսել էր շատ խոսել, մտքերը «ծռվել» էին, ինչն անընդունելի է միջազգային հանրույթի համար, իսկ Հայրապետյանն այդ հանրույթում մեծ դերակատարություն ուներ, նույնիսկ Բարաք Օբամայի հետ Հայոց Ցեղասպանության հարցն էր քննարկում: Հայրապետյանը չէր համընկնում ստանդարտներին, քանզի դպրոց ու գործարան էր բարեկարգում, ոչ թե հայերին փչացնելու, այլ կրթելու ու բարելավելու համար: Ի հակադրություն Ռուբեն Վարդանյանի, ով նույնպես միլարդատեր է, ապրում ու գործում է Ռուսաստանում, բայց Հայաստանում բարեգործություն անում է միայն միջազգային ուժերին գոհացնելու համար՝ դրա վառ օրինակ է Դիլիջանի միջազգային դպրոցը, ինչը ընդհանրապես չի բխում մեր երկրի շահերից ու պետականության տեսանկյունից:

Ինչպես տեսնում ենք, Լևոն Հայրապետյանին չեզոքացնելու պատճառները շատ էին, իսկ թե ինչու հենց հիմա, դա արդեն մեծ հարց է: Պարզ է միայն այն, որ մտածող և համակարգից դուրս գործող անձինք, ովքեր սկսում են չվախենալ, և միջազգային հանրույթի որոշակի ծրագրերին սպառնալ, մեկուսացվում են:

Հայրապետյանի այս գործը, միգուցե, ուղերձ է բոլոր նրանց, ովքեր փորձում են Հայաստանի համար միջազգային հանրույթի կողմից գծված ծրագիրը աղավաղել, բոլորի վերջը ճաղերի ետևում հայտնվելն է:

Լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած, նույնիսկ չենք էլ զգում: