ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ քաղաքացիների հետ «ուղիղ կապի» ընթացքում պատասխանել է Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցին:
Պուտինը նշել է, որ Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը լուծում գտնի:
«Շատ զգայուն թեմա է, և ինձ թվում է, որ պետք է շատ զգույշ մոտենանք այդ թեմային։ Դա վաղեմի խնդիր է, վաղեմի հակամարտություն է: Այն սառեցված վիճակում էր: Ցավոք, տեղի ունեցավ բռնության այդ պոռթկումը, և մենք կանենք ամեն ինչ, որպեսզի կարգավորենք այն, գտնենք երկու կողմերի համար ընդունելի լուծում։ Իհարկե, այստեղ հարկավոր են Ղարաբաղի վերաբերյալ երկարաժամկետ լուծումներ: Դրանք կարող են ձեռքբերվել բացառապես, ցանկանում եմ ընդգծել, քաղաքական միջոցներով: Հարկավոր է գտնել փոխզիջում: Ինձ թվում էր, որ մենք մի քանի տարի առաջ մոտեցել էինք այդ փոխզիջումը գտնելուն, սակայն պարզվեց, որ ցավոք, դա այդպես չէ»,- ասել է Վլադիմիր Պուտինը:
Նա հավելել է, որ կշարունակի Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցով գործունեությունը երկկողմանի կարգով:
«Ռուսաստանը շահագրգռված է այդ խնդրի լուծման հարցում, որովհետև մենք ցանկանում ենք լիարժեք աշխատել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ»,- ասել է նա:











