Խոսելով նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հայտարարության մասին, որ մենք միջուկային զենք ունենք, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ եթե Հրանտ Բագրատյանի նման լուրջ մարդը բան է ասում, ուրեմն մի բան գիտի:
«Եղել է մարդը վարչապետ, տիրապետում է բավականին լուրջ ինֆորմացիայի, որը կարող է հասանելի չլինել բոլորին: Ես այդ առումով հավատ եմ ներշնչում իր խոսքերին, եթե Ադրբեջանը դրանից վայնասուն է բարձրացնում, իրենք թող մտածեն իրենց կատարածների մասին»,-նշեց Ռուստամյանը:
Այն հարցին՝ մի՞գուցե մենք ավելի վաղ ենք ունեցել միջուկային զենք՝ նա պատասխանեց. «Շատ հնարավոր է, ինչու՝ ոչ: Մենք ի վերջո եղել ենք միջուկային տերության մաս: Հիմա ինչպես է այդ ամենը բաշխվել, ինչ է կատարվել, այդտեղ շատ անհայտ պատմություններ կան»:
Ռուստամյանը վստահ է, որ եթե պարզվի մենք միջուկային զենք ունենք, դրանից մենք ոչ մի վտանգ էլ չենք ունենա: Իսկ ԵՄ-ի մտադրությունը՝ ստուգել մեր երկրում միջուկային զենքի առկայությունը, Արմեն Ռուստամյանը հավելեց. «Թող ստուգեն բալանսը զենքի, թող սկսեն այդտեղից: Մենք էլ ասում ենք՝ բալանսը լրջորեն խախտված է՝ հօգուտ Ադրբեջանի: Պետք է տարածաշրջանում բալանսը պահպանվի: Բոլորի աչքի առաջ Ադրբեջանն անթաքույց զինվում է արգելված զինատեսակով»:














