Մայիսին վերականգնվել է ապրիլին փակված 71 հազար 471 աշխատատեղերից 50 հազար 94-ը

12
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցի ուղիղ եթերում հայտարարեց, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու իրենց պայքարը դրական դինամիկա ունի, մասնավորապես վերականգնվում են փակված աշխատատեղերը։

«Մենք հասկացանք, որ պետք է որդեգրենք կորոնավիրուսի հետ ապրելու ռազմավարություն, որովհետև եթե միայն կենտրոնանանք առողջապահական սեգմենտի վրա, կունենանք տնտեսական փլուզում։ Մեր այս մոտեցումը հիմնավորել է իր ճշմարիտ լինելը։ Մայիսին վերականգնվել է ապրիլին փակված 71 հազար 471 աշխատատեղերից 50 հազար 94-ը: Ընդ որում` դրանք միայն վճարվող աշխատատեղերն են, որովհետև կան դեպքեր, երբ մարդը փաստացի աշխատում է, բայց դեռ աշխատավարձ չի ստացել։ Վերականգնման այդ գործընթացը շարունակվում է»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ սա չի նշանակում, որ իրենք տնտեսական բարդությունը հաղթահարել են, այլ նշանակում է, որ իրենք աշխատատեղերի վերականգնման պրոցես են սկսել։

Փաշինյանը նշեց, որ իր ներկայացրած վիճակագրությունի չի կարող կասկածելի համարվել, քանի որ ձևավորվում է գործատուների ներկայացրած հաշվետվությունների հիման վրա, իսկ այդ հաշվետվություններով էլ գործատուները հարկ են վճարում, այսինքն` եթե շատ գրեն, շատ էլ պետք է վճարեն։