ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը անհանգստացած է հայկական ուղղաթիռի կործանման կապակցությամբ

17

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում ռազմական ուղղաթիռի կործանման փաստից և կոչ է անում թույլ չտալ լարվածության հետագա աճ: Այս մասին Նյու Յորքում կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի մամուլի քարտուղարը, հաղորդում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը:

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կիսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և նրանց միջազգային գործընկերների լուրջ անհանգստությունը՝  նոյեմբերի 12-ին շփման գծում հրադադարի ռեժիմը խախտելու հետ կապված,և մասնավորապես ռազմական ուղղաթիռի կործանման և անձնակազմի անդամների զոհվելու առնչությամբ»,-հայտարարել է մամուլի քարտուղարը:

Բան Կի-Մունը դիմել է հակամարտող կողմերին՝ կոչ անելով հետևել հրադադարի համաձայնագրին և խորհուրդ է տվել նրանց ձեռնպահ մնալ ցանկացած քայլից, որը կարող է հանգեցնել իրավիճակի հետագա լարման՝ կատարելով հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու խոստումները: