Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը ենթադրում է որոշ տարածքների վերադարձ Ադրբեջանին. Ուորլիք

25

«Интерфакс»-ին տված հարցազրույցի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը ենթադրում է որոշ տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց:

«Կարգավորումը ենթադրում է որոշ տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց: Դա կարգավորման պայմաններից է, բաց ոչ միակ պայմանը: Փախստականների վերադարձ, միջազգային խաղաղարար ուժերի տեղակայում: Այս բոլոր տարրերը խաղաղ կարգավորման պայմաններ են, եւ բոլորն էլ հայտնի են: Մենք պետք է աշխատենք կողմերի հետ, որպեսզի այդ բոլոր պայմանները միավորելու միջոց գտնենք եւ հասնենք խաղաղ կարգավորման, դրանից կշահեն տարածաշրջանի բոլոր բնակիչները»:

Այն հարցին, թե ո՞րն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման կատարյալ սցենարը ԱՄՆ-իհամար՝ Ուորլիքն ասել է. «Նույնը, ինչ ռուսական և ֆրանսիական կողմի համար: Խաղաղ կարգավորման հասնելու փորձերը շատ երկար են տևում՝ շատ ուժ խլելով: Հակամարտությունը շատ երկար ժամանակ է շարունակվում է, 20 տարվա ընթացքում բազմաթիվ մարդիկ են զոհվել: Բայց այդ հակամարտությունը կարող է կարգավորվել: Մենք կարգավորման պայմաններ ունենք, դրանք հայտնի են մեզ, մենք քննարկել ենք դրանք»,- ասել է Ուորլիքը:

«Որպես մարդ, որը բազմաթիվ տարիներ բանակցություններ է վարում այլ հարցերով, կարող եմ ասել, որ բանակցությունները չեն կարող հաջողված լինել, երբ կողմերից մեկը ստիպված է լինում զոհողությունների  ու զիջումների գնալ: Բանակցությունները հաջողված են լինում, երբ երկու կողմերն էլ շահում են՝ Հայաստանի, Ադրբեջանի ժողովուրդները, ամբողջ տարածաշրջանն արժանի են, որ ապրեն խաղաղության և անվտանգության պայմաններում»: