Հօգուտ սովորողի որոշում է կայացվելու. ԿԳՄՍ-ն որոշել է խրախուսել աշակերտներին

9

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր հայտարարեց, որ մարտի 13-ից սկսած կրթական գործընթացն իզուր չէր։

«Կարողացել ենք ապահովել կրթության շարունակականությունը։ Որևէ երեխա ու ուսուցիչ դասերը չի կրկնելու հաջորդ տարի։ Մենք գնահատում ենք կատարված աշխատանքը, բայց, ցավոք, շատ երեխաներ զրկված են եղել հեռավար ուսուցմանը մասնակցելուց։

Շատ կարևոր ենք համարում աշակերտներին խրախուսելը և այստեղ որոշում ենք կայացրել, որ, եթե միջինացման արդյունքում ունենանք թեկուզ մեկ նիշ ավելի, դա կմիջինացվի դեպի վերև՝ հօգուտ աշակերտի։ Օրինակ՝ 6․1-ի դեպքում ամփոփված գնահատականը կլինի 7, 8․1-ի դեպքում՝ 9, և այլն։ Սա արված է այն պատճառով, որ, եթե երեխան աշխատել է ավելին, քան այդ նիշը, հետևաբար՝ պետք է գնահատել և խրախուսել։ Կարգավորումներ ենք նախատեսել բոլոր այն դեպքերում, երբ ունեցել են 1-3 միավոր։ Գիտեք, որ բավարար միավորի շեմը 4-ն է, այս պարագայում հօգուտ սովորողի որոշում է կայացվելու, որպեսզի հնարավորություն տանք բոլոր աշակերտներին՝ փոխադրվել հաջորդ դասարան՝ առանց որևէ էական ցնցումների»,- մանրամասնեց ԿԳՄՍ փոխնախարարը։