Հրադադարի ռեժիմի ամրապնդումը հանդիսանում է առաջնահերթ հարց. ԵԱՀԿ գործող նախագահ

8

ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ողջունել է Վիեննայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցած հանդիպումները: Տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԵԱՀԿ մամուլի ծառայությանը:

«Ես խոր պես ցավում եմ զոհերի կապակցությամբ և կոչ եմ անում կողմերին հարգել հրադադարի ռեժիմն ամբողջ ծավալով: Այս համատեքստում, ողջունում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի իմ գործընկերների`մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպելու նախաձեռնությունը:

Ինձ ուրախացնում է երկու նախագահների ստանձնած հանձնառությունը`հրադադարի պահպանման և հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, ինչպես նաև հունիսին բանակցությունների նոր փուլ ունենալու իրենց պատրաստակամությունը:

Գերմանիան`որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, լի է վճռականությամբ՝ օժանդակելու համանախագահների աշխատանքին: Մենք ակտիվորեն կաջակցենք հետաքննության մեխանիզմների ներդրման ջանքերին: Մենք նաև կաշխատենք իմ անձնական ներկայացուցչի, դեսպան Անջեյ Կասպշիկի թիմի ընդլայնման ուղղությամբ:

Ապրիլյան էսկալացիան բոլորիս հիշեցում էր, որ ներկա դրությամբ անհրաժեշտ է մշտական ջանքեր` փակուղուց դուրս գալու համար: Հրադադարի ռեժիմի ամրապնդումը հանդիսանում է առաջնահերթ հարց, ոչ պակաս կարևորություն ունի նաև համապարփակ կարգավորման բանակցությունների համար բարենպաստ պայմանների ստեղծումը»,- ասված է Շտայնմայերի հայտարարության մեջ: