Հունաստանի Հնագիտական կենտրոնական խորհուրդը հանձնարարել է քանդել հյուրանոցի երկու հարկերը, որոնք փակում են Աթենքի Ակրոպոլիսի տեսարանը։ Հյուրանոցը բազմահարկ է, գտնվում է Աթենքի Ֆալիրո փողոցում։ Նման որոշում կայացվել է այն բանից հետո, երբ հազարավոր բողոք գանգատներ են ստացվել աթենացիներից։
Ի դեպ, հյուրանոցը, որի հետ կապված նման որոշում է կայացվել, հինգաստղանի է, տեղակայված է Ակրոպոլիսի թանգարանի եւ Հնությունների վարչության հարեւանությամբ։ Քանդման ենթակա հատվածում գտնվում է լողավազանը, գինետունը, որից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Ակրոպոլիս։
Նշենք, որ Հունաստանում արգելված է ցանկացած շինարարություն, առանց հնագետների հետ համաձայնեցման։ Հյուրանոցի կառուցման պարագայում այս կանոնը խախտվել է։ Այժմ սեփականատերերը ստիպված են լինելու ենթարկվել այս որոշմանը։














