Հունաստանի խորհրդարանը հետաձգել է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը

8

Հունաստանի խորհրդարանը հետաձգել է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը: Հունաստանի արդարադատության նախարար Հարալամբոս Աթանասիունի նախաձեռնությամբ օրինագծի քննարկումը դուրս է եկել խորհրդարանի այս շաբաթվա օրակարգից` պատճառաբանությամբ, որ կան տեխնիկական որոշ խնդիրներ, որոնք հարթելուց հետո միայն հնարավոր կլինի օրինագիծը ներկայացնել խորհրդարանականների դատին:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է Հունաստանում տպագրվող «Ազատ օր» պարբերականի գլխավոր խմբագիր Հռիփսիմե Հարությունյանը, ով նշել է, որ ամենայն հավանականությամբ օրինագիծը կդրվի քննարկման մեկ շաբաթից:

«Բազմաթիվ խորհրդարանականներ դրական վերաբերմունք ունեն և կարծում են, որ ինչպես հրեական ցեղասպանության, այնպես էլ հայերի և Պոնտոսի հույների ցեղասպանության ժխտումը պետք է քրեականացվի: Վերջին պահին արդարադատության նախարարն օրինագծի քննարկումը հետաձգեց` պատճառաբանությամբ, որ խոսքի ազատության և սահմանափակման առնչությամբ հնչել են որոշ տարակարծություններ և այդ խոչընդոտներից հետո միայն օրինագիծը կքննարկվի»,- ասել է Հարությունյանը:

Նշենք, որ Օգոստոսի 22-ին Հունաստանի խորհրդարանի օրակարգ էր բերվել ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքի նախագիծը: Հունաստանի արդարադատության նախարար Հարալամբոս Աթանասիուն հայտարարել էր, որ «Այլատյացության դեմ» օրենքում ավելացվել է Պոնտոսի հույների, հայերի և Փոքր Ասիայի ցեղասպանությունների հերքումը քրեականացնելու վերաբերյալ հոդված:

Օրինագծի վերջնական տարբերակի համաձայն՝ Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունների հերքումը հանցագործություն կհամարվի: Բացի այդ, կքրեականացվի նաև հունական և միջազգային դատարանների վճիռներով ընդունված ցեղասպանությունների հերքումը: