Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները մոտ ապագայում կհանդիպեն՝ երկու երկրների նախագահների հանդիպում նախապատրաստելու համար: Այս մասին հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ռիչարդ Հոգլանդը: «Կան բարձր մակարդակով հանդիպումների պայմանավորվածություններ: Մենք և մեր քաղաքական ղեկավարները փորձում ենք գտնել միջավայրը, որտեղ կարող են տեղի ունենալ այդ հանդիպումները: Այս պահին գործընթաց կա, դա գաղտնիք չէ: Կարծում ենք, որ մոտ ապագայում երկու արտգործնախարարները կհանդիպեն՝ նախագահների հանդիպում պատրաստելու համար: Դիվանագիտական գործընթացներն այս պահին ընթանում են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հոգլանդը:
Նրա խոսքով՝ հակամարտող կողմերը պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ և բաց խոսեն, հասկանան, թե ինչպես կարելի է հասնել հակամարտության խաղաղ կարգավորման: Հոգլանդն ընդգծեց, որ պետությունների ղեկավարները կարող են հանդես գալ պատերազմի, բռնության կոչերով, սակայն դրանք պետք է մնան ընդամենը բառեր ու երբեք չվերածվեն գործողության: «Մեր խնդիրն էլ հենց դա է՝ գտնել այնպիսի լուծումներ, որոնք կհանգեցնեն խաղաղության: Դրա համար կողմերը պետք է բանակցեն և բաց խոսեն միմյանց հետ»,- ընդգծեց ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի ժամանակավոր պաշտոնակատարը:











