Սիրիայի տարածքում ահաբեկչության դեմ պայքարում գործողություններ իրականացնող ռուսական Սու-24 ինքնաթիռը խոցվել է թուրքական ռազմական օդուժի կողմից:
Ռուսական կողմը պնդում է, որ ինքնաթիռը չի հատել թուրքական սահմանը և գործել է բացառապես սիրիական տարածքում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական Սու-24 ռմբակոծիչի խոցումը թուրքական ուժերի կողմից անվանել է հարված թիկունքից: «Այսօրվա կորուստը հարված է, որը հասցրել են մեզ ահաբեկության աջակիցները: Այլ կերպ չեմ կարող որակել տեղի ունեցածը: Մեր ինքնաթիռը խփվել է Սիրիայի տարածքում թուրքական F-16 ինքնաթիռից: Ընկել է Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի հետ սահմանից 4 կմ հեռավարության վրա»:
Պուտինն ընդգծել է, որ Թուրքիայի տարածք մեծ քանակությամբ նավթ ու նավթամթերք է ուղարկվում գրավված տարածքներից: Այստեղից էլ հանցախմբերի ֆինանսական սնուցումն է գալիս: «Հիմա էլ հարված թիկունքից, հարված մեր ինքնաթիռներին, որոնք պայքարում են ահաբեկության դեմ: Եվ դա այն դեպքում, երբ մեր ամերիկացի գործընկերների հետ համաձայնագիր ենք ստորագրել օդային միջադեպերի նախազգուշացման մասին, իսկ Թուրքիան, ինչպես հայտնի է, այն երկրների շարքում է, որոնք իբր պատերազմում են ահաբեկիչների դեմ ամերիկյան կոալիցիայի կազմում»,- հայտարարել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահն ասել է միջադեպը լուրջ հետևանքներ է ունենալու Անկարայի ու Մոսկվայի հարաբերություններում:
Նշենք, որ Ռուսաստանը դեպքից հետո դիմել է կտրուկ քայլերի և հայտարարել, որ Թուրքիան պետք է ընդգրկվի այն երկրների շարքը, որոնց հետ Ռուսաստանը դադարեցրել է ավիահաղորդակցությունը: Ռուսասկան կողմն ընդգծել է, որ ռուս զբոսաշրջիկները չպետք է գտնվեն այն երկրում, որտեղ անվտանգ չէ:














