Հանրաքվեն պայմանավորված է եղել քաղաքական շահերով. ԵԽԽՎ դիտորդներ

30

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակությունը, որը դիտարկել է Հայաստանում սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն, հրապարակել է իր տեսակետը։

Ըստ այդմ՝ քարոզարշավը եղել է ոչ ակտիվ, քիչ են եղել հասարակական բանավեճերը։ Իսկ հանրաքվեի նախնական արդյունքներով՝ քվեարկությանը մասնակցած քաղաքացիների 64 տոկոսը քվեարկել է հօգուտ փոփոխությունների՝ ապահովելով սահմանադրական փոփոխությունների ընդունման համար անհրաժեշտ 25 տոկոսանոց քվորումը:

Ընտրողների համեմատաբար ցածր մասնակցությունը, որը կազմել է ընդհանուր բնակչության շուրջ 50%-ը, արտացոլում է այն փաստը, որ այդ հանրաքվեն պայմանավորված է եղել քաղաքական շահերով, այլ ոչ թե երկրի բնակչության հասարակական կարիքներով և ընկալվել է բազմաթիվ քաղաքացիների կողմից որպես վստահության քվե կառավարությանը, այլ ոչ թե որպես փոփոխությունների առաջարկ:

Երկուսուկես տարվա բարեփոխումների գործընթացը բավարար չէր. խորհրդարանը ընդամենը մի քանի շաբաթում է քննարկել սահմանադրության տեքստը, իսկ հանրային բանավեճերը տևել են երկու ամիս, ինչի արդյունքում դժվար է եղել որևէ պայմանավորվածություն ձեռք բերել:

Այսպիսով, սահմանադրական փոփոխությունների հիմնական մեխը՝ անցումը նախագահական համակարգից խորհրդարանական համակարգին, բազմաթիվ քաղաքացիների կողմից ընկալվել է որպես միջոց կամ հնարավորություն գործող նախագահի համար իշխանության մնալու իր նախագահության երկրորդ և վերջին ժամկետի ավարտից հետո:

Ինչ վերաբերում է քվեարկության գործընթացին, պատվիրակությունը ափսոսում է, որ իշխանությունները չեն եղել բավականաչափ մտահոգված նոր սահմանադրություն տանող գործընթացի ամբողջականությամբ, և պետք է նշենք մի քանի խնդիրներ, որոնցից շատերը արդեն նշված է եղել ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի և    ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ի  ներկայացված նախորդ հանձնարարականներում:

Ընտրացուցակների անճշտությունները, որոնք պարունակում են արտերկրում մշտապես բնակվող անձանց, նույնիսկ մահացածների անուններ՝ հանգեցնելով այն պնդումների, որ այս անուններն օգտագործվում են մարդկանց կողմից, ովքեր քվեարկում են մի քանի անգամ;

պնդումները խոշոր չափերի կազմակերպված ընտրակաշառքների, կարուսելի մասին, ինչպես նաև ընտրողների վրա ճնշման դեպքերը;

վարչական ռեսուրսների չարաշահումը գործադիր մարմինների կողմից;

պնդումները ընտրական հանձնաժողովներին ճնշելու, կաշառելու մասին;

տեղամասային ընտրական հանձնաժողովներում թերություններ հատկապես հաշվարկի ընթացքում;

շարժական քվեարկության բացակայությունը բացառել է հաշմանդամ քաղաքացիների մասնակցությունը։

ԵԽԽՎ պատվիրակությունը իշխանություններին կոչ է անում անդրադառնալ այս խնդիրներին, որպեսզի վստահություն ձեռք բերի քվեարկության գործընթացի և քաղաքականության մեջ ընդհանրապես՝ Հայաստանի իրական ժողովրդավարական ապագան ապահովելու համար։ Դիտորդական առաքելության ղեկավարն էր Շվեյցարիայի պատգամավոր Անդրեաս  Գրոսը։ Պատվիրակության մեջ էր նաև  Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցող Ալան Միլը, Շվեյցարիայի պատգամավոր Դորիս Ֆիալան։