Horizonweekly-ն գրում է, որ Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդումը կընդգրկվի Գերմանիայի ուսուցչական ուղեցույցում:
Ամեն ինչ սկսվեց 2005-ին, երբ Գերմանիայի «Սփյուռքի և ցեղասպանագիտության ինստիտուտ»-ը (IDG-Institute of Diaspora and Genocide Studies) հրատարակեց «Դպրոցներում 20-րդ դարի ցեղասպանությունների և պետական ոճիռների դասավանդումը» խորագրով ուսուցչական ուղեցույց, որը գրավեց հանրության ուշադրությունը:
Հրատարակության մեջ Հայոց ցեղասպանության դասավանդման մասին գլուխ կար, ինչը սակայն անհանգստացրեց Գերմանիայում Թուրքիայի դեսպանատանը, որը միջամտեց, բայց ջանքերն ապարդյուն անցան և ուղեցույցն այնքան մեծ ուշադրության արժանացավ, որ առաջին հրատարակությունը շատ կարճ ժամանակում սպառվեց:
Այժմ ինստիտուտը ցեղասպանությունների մասին այլ ուղեցույց է պատրաստել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության և մշակույթի նախարարության պատվերով, դպրոցների որակավորման և ուսուցիչների վերապատրաստման կենտրոնի հետ գործակցությամբ: Ուղեցույցը կրելու է «Ցեղասպանության դասավանդումը դպրոցներում» անվանումը:
Ուղեցույցն ընդգրկելու է այս թեմայով տարված վերջին հետազոտական աշխատանքները:
Նշենք, որ «Սփյուռքի և ցեղասպանագիտության ինստիտուտ»-ը հիմնվել է 1994-ին: Այն Գերմանիայում միակ կենտրոնն է, որը զբաղվում է ցեղասպանագիտությամբ:














