Նոյեմբերի 16-ին ՀԱՅԿՅԱՆ սրբազան տոմարով Արաց ամսվա Արամ օրը՝ Աշտարակի Աղձք գյուղում՝ Արշակունիների դամբարանում տեղի ունեցավ Հայոց Արքաների փառաբանման տոնը: Տոնը նշվում է արդեն երրորդ անգամ: Նախաձեռնողն է Վերելք ակումբը: Տոնախմբությանը մասնակցում էին մտավորականներ, երիտասարդներ, հայոց թագավորների պաշտամունքը գնահատողներ: Նախ բանախոսները ներկայացրին, թե ինչ է իրենից ներկայացնում Արքայաց տոնը, Արշակունիների դամբարանի պատմությունը:
Ըստ այդմ՝ Պարսից բանակը, գրավելով Դարանաղյաց Անի քաղաքը, կողոպտում է արքունի գանձարանն ու պղծելով հայոց արքաների շիրիմները` նրանց ոսկորները հավաքում է և իր հետ վերցնում` Պարսկաստան տանելու: Դրանով պարսիկները կամենում էին հայերին զրկել իրենց ոգեղեն ուժից ու անպատվել հայոց արքայատունը: Եվ ահա, Վասակ Մամիկոնյան սպարապետն իր 60.000-անոց բանակով Այրարատում գիշերային անակնկալ հարձակում է գործում պարսկական մեծաքանակ զորքի վրա, սրակոտոր անում շատերին ու ազատում հայոց արքաների ոսկորները:
Նույն թվականին Վասակ սպարապետի հրահանգով Արագածոտնի Աղցք գյուղում դամբարան է կառուցվում, որտեղ ամփոփվում են արքայական ոսկորները:
Պատմիչները վկայում են, որ արքաների ոսկորները մայրաքաղաք չտարան, քանզի քրիստոնյա թագավորների հետ մեկտեղ այնտեղ կային նաև հեթանոս արքաների ոսկորներ: Իրականում այնտեղ չկար և ոչ մի քրիստոնյա թագավորի ոսկոր:
Բանն այն է, որ Արշակի օրոք կույր, բայց ողջ էր նրա հայրը` հայոց Տիրան Արշակունի թագավորը (338-350), իսկ նրա հայրը` Խոսրով Գ Կոտակը (330-338), թաղված էր իր կառուցած Դվին մայրաքաղաքում: Տրդատ Գ-ն (287-331) նույնպես թաղված չէր Անի բերդաքաղաքում:
Արարողության ընթացքում ելույթ ունեցան Վերելք ակումբի նախագահ Արծրուն Պեպանյանը, պատմաբան Գուրգեն Կարապետյանը, հայագետ Սերգեյ Սիմոնյանը և այլոք: Իր փառահեղ երգերով Արքայաց տոնը ոգեկոչեց երգիչ, երգահան Արսեն Համաբարյանը, իսկ վերջում Արքաներին հայ երիտասարդները պատվեցին ազգային պարերով:
Առաջիկայում կներկայացնենք նաև տեսանյութ:
















