Հայկական դիրքերին անօդաչու սարքով հարվածելու մեջ մեղադրվող իսրայելական ընկերության դեմ նոր պատժամիջոց է կիրառվել

26

Իսրայելի պաշտպանության նախարարությունը պատժամիջոց է կիրառել անօդաչու թռչող սարքեր արտադրող Aeronautics Defense Systems ընկերության նկատմամբ, որը մեղադրվում է Ադրբեջանի պահանջով հայկական դիրքերին հարվածներ հասցնելու մեջ, գրում է «Ազատություն»-ը՝ հղում անելով The Times of Israel-ը:

Ըստ պարբերականի, նախարարությունը կասեցրել է ընկերության երեք բարձրաստիճան պաշտոնյաների՝ այդ թվում գլխավոր գործադիր տնօրենի արտահանման լիցենզիաները, ինչը նշանակում է, որ վերջիններս այսուհետ չեն կարող օտարերկրյա գնորդների հետ բանակցություն վարել կամ գործարք կնքել:

Առանց Պաշտպանության նախարարության այդ փաստաթղթի որևէ ընկերության աշխատակից չի կարող իր ապրանքը օտարերկրյա գնորդի վաճառել: Առայժմ հստակ չէ՝ արդյո՞ք Aeronautics Defense Systems-ում կան այդ լիցենզիան ունեցող այլ պաշտոնյաներ, թե ընկերությունը ստիպված է ժամանակավորապես դադարեցնել օտարերկրյա մատակարարումները, մինչև պաշտոնյաներից որևէ մեկը նորից այն կստանա: Գործին առնչվող մանրամասները շատ սուղ են, ընկերության դեմ քննությունն ընթանում է փակ, գաղտնի ռեժիմով և այս պատժամիջոցների մասին էլ հայտնի է դարձել անուղղակի, երբ ընկերությունը Թել Ավիվի բորսային տեղեկացրել է, որ լիցենզիաներից զրկված պաշտոնյաներն այսուհետ չեն կարող ներկայացնել իրենց արտադրանքը արտերկրում: Թել Ավիվի բորսա ուղարկած հայտարարության մեջ ընկերությունը նշում է, որ ավելի վաղ՝ երկու տարի առաջ էլ Իսրայելի պաշտպանության նախարարությունը արգելել էր իրենց Orbiter 1K տեսակի անօդաչու սարքը վաճառել ծանրակշիռ մի հաճախորդի: Ընկերությունը չի հստակեցնում՝ ով է եղել այդ հավանական գնորդը, մինչդեռ մամուլի տեղեկություններով, խոսքը Ադրբեջանի հետ կնքվելիք մոտ 20 միլիոն դոլար արժողությամբ գործարքի մասին է:

Հիշեցնենք, որ ընկերությունը իրավապահների ուշադրության կենտրոնում էր հայտնվել, երբ 2017-ին, ադրբեջանական կողմի պահանջով, համաձայնել էր Orbiter 1K տեսակի անօդաչու թռչող սարքի կարողությունները ցուցադրել մարտական պայմաններում` հարված հասցնելով հայկական դիրքերից մեկի ուղղությամբ: