Հայաստանի ռուսական ռազմակայանը «Տախիոն» անօդաչուներով է զինվել

15

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի սպառազինությունը համալրվել է ռուսական արտադրության անօդաչու թռչող սարքերի խմբաքանակով: Տեղեկացնում են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

«ՀՀ-ում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանման սպառազինությունը համալրել են հայրենական «Տախիոն» ժամանակակից անօդաչու թռչող սարքերը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Զինվորականները մեկ ամսվա ընթացքում նոր անօդաչուները կսովորեն կառավարել Կամխուդ և Ալագյազ բարձրլեռնային զինափորձարաններում:

Նշենք, որ «Տախիոն» անօդաչուն նախատեսված է ցերեկը և գիշերը մինչև 40 կիլոմետր հեռավորությամբ հետախուզում իրականացնելու համար: Անօդաչուների վրա կարող են տեղակայվել տեսա-, ֆոտո- կամ ինֆրակարմիր խցիկներ: Սարքի մեկնարկային քաշը մոտավորապես 25 կիլոգրամ է, թռիչքի տևողությունը մինչև վեց ժամ: «Տախիոն»-ն արտադրվում է «Իժմաշ- Անօդաչու համակարգեր» ձեռնարկությունում: