Հայաստանի արտաքին պարտքն այս տարվա սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 4 մլրդ 070.662 մլն դոլար՝ նախորդ տարեվերջի 3 մլրդ 785.208 մլն-ի փոխարեն: Ազգային վիճակագրական ծառայության տեղեկացմամբ՝ նախորդ տարեվերջի համեմատ Հայաստանի արտաքին պարտքի ցուցանիշն աճել է 7.5 տոկոսով: Այդ թվում՝ ՀՀ կառավարության պարտքը կազմում է 3 մլրդ 593.330 մլն դոլար, Կենտրոնական բանկի պարտքը՝ 477.332 մլն դոլար:
Հայաստանի արտաքին պարտքի կառուցվածքում բազմակողմանի վարկային ծրագրերը կազմում են 2 մլրդ 628.742 մլն դոլար: Հայաստանի վարկատուների ցուցակը գլխավորում է Համաշխարհային բանկը, որին Հայաստանը պարտք է 1 մլրդ 593.651 մլն դոլար, հաջորդում է Զարգացման միջազգային ընկերակցությունը՝ 1 մլրդ 151.344 մլն դոլար, երրորդ տեղում Վերակառուցման և զարգացման միջազգային բանկն է՝ 442.306 մլն դոլար, չորրորդ տեղում՝ Արժույթի միջազգային հիմնադրամը՝ 412.326 մլն դոլար:
Նշենք, որ վերջին շրջանում ՀՀ կառավարությունը նոր վարկեր ներգրավելու վերաբերյալ որոշումներ կայացրեց, որոնք ներառված չեն այս ցուցանիշում: Կառավարության անդամներն էլ հայտարարեցին, որ 2016 թվականին Հայաստանի արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կհասնի մոտ 50 տոկոսի, ինչը արդեն ռիսկային շեմ է համարվում:














