Ինչու գազի միասնական գին չի սահմանվում. Պուտինը պատասխանեց Փաշինյանին և Լուկաշենկոյին

14
ԵԱՏՄ-ում գազի տարանցման միասնական սակագինը չի կարող ներդրվել ներկայիս ինտեգրման մակարդակում, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, որն անցկացվում է տեսահամաժողովի ձևաչափով:

«Ինչ վերաբերում է մեր հայ և բելառուս ընկերների կողմից գազի փոխադրման և տարանցման ծառայությունների առաջարկած միասնական սակագնին՝ մենք կարծում ենք, որ միասնական սակագինը կարող է իրականացվել միայն միասնական շուկայում, միասնական բյուջեով և հարկման միասնական համակարգով: Այդպիսի խորը ինտեգրման մակարդակ դեռևս ձեռք չի բերվել», – ասել է Պուտինը:

Նրա խոսքով՝ Հայաստանը և Բելառուսը չեն ընդունում ԵԱՏՄ երկրների առաջարկվող ընդհանուր բանաձևը գազի գնի ձևավորման համար, որն առաջարկվում է մինչև 2025 թվականը ԵԱՏՄ զարգացման ռազմավարության նախագծով:

«Առկա է մի բանաձև, որին աջակցում են երեք երկրներ՝ Ռուսաստանը, Ղազախստանը և Ղրղզստանը: Դրա էությունը նրանում է, որ գազի գնագոյացման մոտեցումները կարող են որոշվել հետագայում ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման բանակցություններում: Այս բանաձևը դեռևս չի ընդունվել մեր հայ և բելառուս գործընկերների կողմից: Նրանք իրենց տեսակետն ունեն այս հարցում,- նշել է Պուտինը` հավելելով,- Եթե մեր հայ և բելառուս ընկերների դիրքորոշումները մնան անփոփոխ, ապա հավանաբար տրամաբանական կլինի ռազմավարության նախագծից բացառել գազի վերաբերյալ կետը: Գազի գնագոյացման մոտեցումների քննարկումը կարելի է շարունակել անդամ երկրների փորձագետների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գծով»: