Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց բյուջետային վարկ տրամադրել Հայկական ատոմակայանում աշխատանքներն ավարտին հասցնելու համար՝ հրաժարվելով ռուսական վարկի մնացորդային մասից։ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստում ասաց, որ Ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետների երկարաձգում ծրագրի շրջանակներում ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև 2014 թվականին համագործակցության մասին, իսկ 2015 թվականի փետրվարին՝ վարկի տրամադրման մասին համաձայնագիր էր ստորագրվել։ Խոսքը 300 մլն ԱՄՆ դոլարի մասին է, որից 270 մլն դոլարը վարկ է, իսկ 30 մլն դոլարը՝ դրամաշնորհ։
«Արդեն 2018 թվականի դեկտեմբերից վարկի երկարաձգման համար սկսվել են բանակցություններ։ Եվ այս ընթացքում մենք նախ ժամկետի երկարացման խնդիր ունենք, մինչև 2019 թվականը իրավիճակով պայմանավորված՝ հնարավոր չի եղել ամբողջությամբ ծախսել առկա վարկային գումարը։ Այս պահին մնացորդը 107 մլն դոլար է, սակայն աշխատանքներն ամբողջությամբ ավարտելու համար մենք այժմ նպատակահարմար ենք համարում ՀՀ սեփական միջոցների հաշվին վարկավորում կատարել։ Եվ ծրագիրն ավարտին հասցնելու համար առաջարկվում է պատվիրատուին 2020-22 թվականների ընթացքում ՀՀ պետական բյուջեից տրամադրել 63,2 մլրդ դրամի չափով բյուջետային վարկ»,- ասաց նախարարը։
Նախատեսվում է, որ բյուջետային վարկն ապահովելու համար Ֆինասների նախարարությունը կթողարկի լրացուցիչ պետական գանձապետական պարտատոմսեր։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ըստ էության մենք արձանագրեցինք, որ մինչև այժմ գոյություն ունեցած վարկն իր չափերով և պայմաններով այնքան էլ հարմար չէ Ատոմակայանի հետագա գործունեությունը կազմակերպելու համար։ Եվ մենք հրաժարվում ենք այդ վարկի մի մասից, դրա փոխարեն ներգրավում ենք ներքին աղբյուրներից միջոցներ, որը աներկբա շատ ավելի լավ պայմաններով է ներգրավվելու և ըստ էության ավելի է մեծացնելու կառավարության լծակներն այդ վարկի օգտագործման արդյունավետության մակարդակը բարձրացնելու համար։ Նախկին պայմաններում մենք որոշակի սահմանափակումներ ունեինք, այդ թվում՝ գնումներ իրականացնելու մասով, թե ումից է պետք գնումներ իրականացնել, ինչպես։ Իսկ այս պայմաններում մենք կարողանում ենք գնումների գործընթացն ամբողջությամբ դնել շուկայական տրամաբանության մեջ և շուկայից ձեռք բերել ապրանքներ՝ մրցակցային սկզբունքով, ինչը ենթադրում է, որ այս պարագայում ապրանքների գները կլինեն էականորեն ավելի ցածր։ Հույս ունենք, որ որակի առումով էլ առնվազն չեն զիջի այն ապրանքներին, որ մենք ձեռք էինք բերում նախկին պայմաններում»։














