2012-ի դեկտեմբերին ստորագրված Հայաստան-ԵՄ համաձայնագիրը վիզայի ռեժիմի դյուրացման հետ կապված, հունվարի 1-ից ուժի մեջ է: Ըստ այդմ՝ Հայաստանի քաղաքացիները Շենգեն վիզայի համար այսուհետ 60 եվրոյի փոխարեն կվճարեն 35 եվրո:
ՀՀ քաղաքացիների որոշակի խմբեր էլ առհասարակ ազատվում են վիզայի վճարից: Այդ խմբին են պատկանում դպրոցականները, ուսանողները և նրանց ուղեկցող ուսուցիչները, ովքեր ճամփորդում են ուսման կամ կրթական փոխանակման ծրագրերի շրջանակներում, ԵՄ-ում օրինական կերպով բնակվող մերձավոր ազգականները, թոշակառուները, 12 տարեկանից ցածր տարիք ունեցող երեխաները, պաշտոնական պատվիրակությունների անդամները և գործնական նպատակներով ճամփորդող ՀՀ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորները, լրագրողները և նրանց ուղեկցող տեխնիկական անձնակազմը, միջազգային սպորտային միջոցառումների մասնակիցները և նրանց ուղեկցող անձնակազմը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ովքեր ճամփորդում են արտերկրում գործող հայկական հանրային շահ հետապնդող ոչ առևտրային կազմակերպությունների հրավերով, արվեստի և մշակույթի բնագավառներում փոխանակման ծրագրերի մասնակիցները, հաշմանդամության կարգ ունեցող անձինք և նրանց ուղեկցողները:
Երկարատև բազմակի մուտքի վիզաներ դյուրացված պայմաններով կտրամադրվեն նախկինում վիզա ստացած և առաջիկայում ճամփորդելու ապացույցներ տրամադրող մարդկանց: Հայաստանի քաղաքացիները, ովքեր Եվրոպայում օրինական բնակվող մերձավոր ազգականներ ունեն, կկարողանան նաև առավելագույնը հինգ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի վիզա ստանալ:
Նշենք, որ Հայաստանի քաղաքացիները պետք է շարունակեն տրամադրել իրենց ճամփորդության իրավական հիմնավորումները` հրավերներն ու ճամփորդության մանրամասները:
Վիզային ռեժիմի դյուրացմանը զուգահեռ ուժի մեջ է մտնում ռեադմիսիայի կամ ետընդունման համաձայնագիրը, որով Հայաստանը պարտավորվում է 3-օրյա ժամկետում ետ ընդունել արտերկրում ապօրինի բնակվող իր քաղաքացիներին, նրանց ընտանիքի անդամներին, երեխաներին, նույնիսկ նրանց, ովքեր հրաժարվել են իրենց հայկական քաղաքացիությունից:











