Կարծում եմ այսօր Հայաստանում չկա անձ, ով չի գիտակցում նոր կորոնավիրուսային հիվանդության լրջությունը։ Այս մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց Առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատու, ԶԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Նարինե Սարգսյանցը։
«Վիրուսը, ինչպես բոլորս գիտենք, թափանցում է շնչուղիներով, և հենց շնչուղիներն են, որ հանդիսանում են վիրուսի համար հիմնական թիրախ։ Վիրուսը կպչում է հատուկ ընկալիչներին, որոնք առկա են մեր շնչուղիների մակերեսին, և որոշ դեպքերում կարող են ախտահարվել նաև ստորին շնչուղիները, այսինքն կարող է զարգանալ թոքաբորբ,- ասաց նա՝ նշելով,- Ցավոք, այս վարակն ունի ևս մեկ կարևոր առանձնահատկություն, որի պատճառով խանգարվում է զանազան օրգանների, նաև արյան մատակարարումը, այսինքն՝ զարգանում են տրոմբեր: Բավականին մեծ տոկոս դեպքերում խախտվում է մի շարք օրգանների՝ երիկամներ, սիրտ և այլն արյան մատակարարումը, ինչը զարգացնում է ինսուլտներ»։














