Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստում մարդկանց կոչ արեց հնարավորության դեպքում կտորից դիմակներ չկրել։ Պարտադիր դիմակներ կրելու որոշման ընդունումից հետո կառավարության անդամները հայտարարեցին, որ մարդիկ կարող են տնային պայմաններում կարված դիմակներ էլ կրել։ Այսօր Արսեն Թորոսյանն ասաց, որ հնարավորության դեպքում պետք է բժշկական դիմակ կրել, քանի որ դրանք են արդյունավետ պաշտպանում վիրուսից։
«Երբ մենք պարտադիր դարձրեցինք դիմակ կրելը, նաև հավելեցինք, որ եթե կան ֆինանսական դժվարություններ, ապա առնվազն խնդրում ենք ձեզ, օգտագործեք տնային պայմաններում կարված դիմակներ, որը, սակայն, երբեք չի կարող փոխարինել բժշկական դիմակներին։ Սակայն հիմա մենք տեսնում ենք, որ նաև մոդայիկ է դարձել կտորե դիմակներ կրելը։ Ես խնդրում և կոչ եմ անում առնվազն մեր բոլոր գործընկերներին, այդ թվում՝ այստեղ ներկա՝ կտորե դիմակներ չկրել, եթե հնարավոր է կրել սովորական բժշկական դիմակ, որովհետև դա մի քանի անգամ ավելի է պաշտպանում»,- ասաց Թորոսյանը։ Նրա խոսքով՝ կտորե դիմակներ պետք է կրել միայն ֆինանսական միջոցների բացակայության դեպքում, երբ մարդը ֆինանսապես ի վիճակի չէ դիմակ գնել, ոչ թե գեղեցկության, հարմարավետության կամ այլ պատճառով։ «Նույնիսկ ԱՀԿ-ն ասում է, որ եթե 60-ից բարձր ես և խոցելի խմբում ես՝ պարտադիր կրիր եռաշերտ բժշկական դիմակ, որը պաշտպանում է ջրի կաթիլները դուրս ու ներս գալուց՝ փռշտալիս ու հազալիս»,-ասաց նա։














