Կիրիլը հանուն ռուսական շահի, իսկ հայոց «էլիտան» հանուն ո՞ւմ

24

Ցավոք, այլևս զարմանալ չի ստացվում, քանզի հայը բոլորից ու ամենքից այնպիսի մեծ չափերի ապտակներ է ստացել ու ստանում, որ հազիվ հասցնում է ձեռքով դեմքը փակել՝ մոռանալով «զարմանալ» գործոնի մասին: Հենց այս ապտակների շարքից է Համայն Ռուսիո Ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլի հայտարարությունը. «Օսմանյան կայսրությունում, այո՛, եղել են քրիստոնյա փոքրամասնություններ, սակայն նրանց ոչ ոք չի ոչնչացրել»:

Այս հայատարարությամբ Կիրիլը փաստացի ժխտել է Հայոց Ցեղասպանությունը: Բայց Ռուսաստանի պատրիարքն ասել է այն, ինչ կամեցել է, կամ գուցե ինքն այսպես գիտի պատմությունը: Սակայն հնարավոր չէ անտեսել այն հանգամանքը, որ Կիրիլն այս հայտարարությունն արել է «Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցի շրջանակում, և բոլորս էլ գիտենք, որ այս հեռուստաալիքը ռուսաստանյան էլիտայի քարոզչամեքենան է, և այս զլմ-ի շրջանակում հնարավոր չէ առանց ենթատեքստի նյութ թողնել եթեր:

Այնուամենայնիվ, Կիրիլն ասաց այն, ինչ ցանկացավ՝ ժխտելով պատմական փաստը: Չնայած որ Ռուս Ուղղափառ եկեղեցին պարզաբանում տարածեց Կիրիլի հայտարարության կապակցությամբ՝ նշելով, որ նա իբր տվյալ հայտարարություն անելիս այլ բան է նկատի ունեցել:

Ցավալին այն է, որ Հայաստանից այդպես էլ ոչ ոք չարձագանքեց, Ռուսաստանի հայկական համայնքը լռության մատնվեց, Հայ առաքելական եկեղեցին նույնպես լռեց, այս դեպքում ինչո՞ւ պետք է Կիրիլը վարաներ Հայոց ցեղասպանությունը ժխտելիս, կամ մտածեր, թե Օսմանյան կայսրությունում քանի հայ էր մորթվել, ինչո՞ւ նա պետք է մտածեր, թե սույնով վիրավորում է շարքային հային և ժխում պատմական իրողությունը: (Մի կողմ թողնենք այն հարցը, որ Հայոց Ցեղասպանությունը և առհասարակ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության տարածքներում հայերի բնաջնջումն իրականցվել է ոչ թե նրանց քրիստոնյա լինելու, այլ հայ լինելու հանգամանքով պայմանավորված): Իսկ մ՞իթե ժամանակը չէ, որ մտածենք, թե ինչու են մեզ հետ շարունակ նույնկերպ վարվում մեր ռուս «եղբայրները», երբ ամեն օր կուրծք ենք ծեծում, որ Թուրքիան ու շատ այլ երկրներ ժխտում են Հայոց Ցեղասպանությունը: Թե՞ Կիրիլն ուրիշ է: Մի՞գուցե ժամանակն է հասկանալու, որ «եղբայրական» պետությունից ոչ թե վիրավորվելու ենք, որ աղավաղում է պատմությունը, այն էլ այսքան բարձր մակարդակով, այլ պահանջենք, որ հարգի մեզ ու մեր պատմությունը: Եթե մենք չպահանջենք ու ցույց չտանք ամենքին իրենց տեղը, ապա շարունակ հայտնվելու ենք նման զավեշտալի իրավիճակներում՝ բողոքելով, որ մեզ նորից վիրավորեցին և ժխտեցին ցեղասպանությունը:

Բայց հայոց «էլիտան» ժամանակ չունի, նա չի կարող լուծել Ռուսաստանի հետ կապված ոչ մի խնդիր, և ուրեմն չի կարող լսել, թե Կիրիլն ինչ կասի: Էլիտան զբաղված է միայն իր գրպանը լցնելով և ժողովրդի համար նոր «տուգանային փորձություններ» մշակելով: Ահա, թե ինչու է այսօր Հայաստանն այս վիճակում և այսքան արհամարված ու լճացած:

Չպետք է մոռանալ, որ Ռուսաստանն ունի իր քաղաքականությունը, իր արտաքին և ներքին հարցերը, և Կիրիլն էլ իր հոգևոր խոսքով ևս որոշակի քաղաքական պլան է իրականացնում: (Գաղտնիք չէ, որ կրոնական բոլոր կառույցները տվյալ երկրի քաղաքական կյանքից անմասն չեն մնում): Գաղտնիք չէ նաև այն, որ հայոց «էլիտան» Ռուսաստանի հպատակն է և ավելի շատ ծառայում է Ռուսաստանի քաղաքական շահերի, քան Հայաստանի համար:

Այնպես որ, Կիրիլին մեղադրելու փոխարեն, առաքելական եկեղեցուն ու իշխանավորին մեղադրեք, որ չեն սաստում ցեղասպանությունը ժխտող իրենց «եղբայրներին»՝ նույնիսկ աչք փակելով, թե ինչպես Ռուսաստանը վարվեց Թուրքիայի հետ հայտնի դեպքերից հետո:

Պատմությունը միշտ կրկնվում է, ռուսի սհաթի մասին էլ շատ ենք լսել, բայց ցավոք, դեռ չենք հարմարվել: