Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանում տեղի է ունեցել լեգենդար զինագործ-կոնստրուկտոր, Ռուսաստանի հերոս, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Կալաշնիկովի արձանի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը: Հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Կալաշնիկովի 2 մետր 87 սանտիմետրանոց քարե արձանն այսպիսի տեսք է ունենալու՝ Կալաշնիկովի ձեռքերի ափերում՝ աղավնի, իսկ արձանի պատվանդանին՝ ավտոմատ, հարթակի դիմաց՝ երկրագունդ, որը, ըստ հեղինակների, կարտահայտի զինագործի համաշխարհային ճանաչումը: Ռուսական ռազմակայանում Կալաշնիկովի արձանը տեղադրելու՝ հրամանատարության նախաձեռնությանը օժանդակում է ռուսական «Սլավյանկա» շինարարական կազմակերպությունը:
Կալաշնիկովի արձանը տեղադրելու գաղափարի հեղինակը պետերբուրգցի բարերար և հասարակական գործիչ, պահեստազորի մայոր Հրաչյա Պողոսյանն է, ով Հայաստան է այցելել մի խումբ վետերանների հետ, որոնք անձամբ ճանաչում էին հանրահայտ զինագործին:














