Ծխախոտի մաքսանենգությանը Հրաչյա Հակոբյանի մասնակցության վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են Քրեական ոստիկանություն

11

Մաքսանենգ ծխախոտի վերաբերյալ հրապարակումները Դատախազությունն ուղարկել է Քրեական ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու նպատակով։ Այս մասին Pastinfo.am կայքի փոխանցմամբ հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք ՌԴ իրավապահները Երևանից 40 տոննա մաքսանենգ ծխախոտ տեղափոխող ինքնաթիռ են կալանավորել: Այս լուրից հետո մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկություններ հայտնվեցին, որ սույն մաքսանենգության հետևում կանգնած է Նիկոլ Փաշինյանի կնոջ եղբայրը՝ իմքայլական պատգամավոր Հրաչ Հակոբյանը, որը սակայն, շտապեց հերքել այս տեղեկատվությունը:

Կայքը նաև հայտնում է, որ Երևանի ավագանու նախկին անդամի խոսքով՝ մաքսանենգ ճանապարհով ծխախոտ արտահանելով դրա եկամուտների մի որոշ մասը մտնում է պետական բյուջե և, ըստ օդում կախված հավաստի լուրերի, խոսքը ամսական շուրջ 15 մլն դոլարի մասին է, որը տարեկան շուրջ 150-170 մլն դոլար է կազմում: