Պարզվում է՝ խորհրդարանի 700 հոգանոց աշխատակազմը քիչ է, որպեսզի պառլամենտն արդյունավետ աշխատի․ խորհրդարանը հավելյալ՝ մասնագիտական ներուժի ներգրավման կարիք ունի: Գրում է hraparak.am-ը:
Այդ նպատակով իշխող խմբակցությունն առաջարկում է «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների միջոցով մշտական հանձնաժողովներին մեկական խորհրդականի հաստիք էլ ավելացնել, բայց նրանք ոչ միայն մասնագետներ են լինելու, այլեւ քաղաքական աշխատանք իրականացնող են համարվելու եւ ստանալու են ավելի բարձր աշխատավարձ, քան շարքային խորհրդականները: Օրենքով առաջարկում են ամրագրել աշխատավարձի գործակիցը, ըստ այդմ՝ նրանք կստանան պատգամավորների համար սահմանված աշխատավարձի կեսը՝ մոտավորապես 300 հազար դրամ:
Ակնհայտ է, որ խորհրդարանական մեծամասնությունը գլուխ չի հանում օրենսդիր ծանր աշխատանքից, որովհետեւ օրենք գրելն ամեն մարդու խելքի բանը չէ, այն էլ՝ հեղափոխական պատգամավորների համար, որոնցից շատերի կարիերան սկսվել է հենց Ազգային ժողովից, իսկ հեղափոխության օրերին լավ քայլելը դեռեւս օրենքները հասկանալու կամ օրինաստեղծ աշխատանքով զբաղվելու գրավական չէ։ Այդ պատճառով էլ, այսպես կոչված, քաղաքական խորհրդականներ ընդունելու անհրաժեշտություն է առաջացել: Բայց, որպեսզի այս փաստն աչք չզարնի, նախագծում այլ փոփոխություններ էլ են առաջարկվում, որոնք, ինչպես հիմնական զեկուցող, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ներկայացրեց, ուղղված են պառլամենտական վերահսկողության գործիքակազմը հարստացնելուն, մշտական հանձնաժողովների դերն ու արդյունավետությունը բարձրացնելուն։
Առաջարկվող փոփոխությամբ սահմանվում է, որ ընդունված նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ յուրաքանչյուր տարվա դեկտեմբեր ամսվա ընթացքում հանձնաժողովն իր որոշմամբ, ըստ բնագավառների՝ հրավիրում է կառավարության ներկայացուցիչներին՝ ընդունված նորմատիվ ակտերի իրականացման ապահովման վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու: Նախագծի մեկ այլ դրույթով սահմանվում է, որ ԱԺ հանձնաժողովները յուրաքանչյուր տարի` մինչեւ մարտի 1-ը, ներկայացնում են եզրակացություններ կառավարության կողմից նախորդած տարվա ընթացքում կառավարության ծրագրի կատարողականի վերաբերյալ։
Պատգամավորը նշեց, որ նախագծի մշակման մյուս նպատակն ԱԺ հաշվետվողականության բարձրացումն է։ Ահա ինչու սահմանվում է, որ յուրաքանչյուր նստաշրջանի վերջին նիստի օրակարգային հարցերի քննարկումն ավարտելուց հետո հանձնաժողովի նախագահը ներկայացնելու է իր ղեկավարած հանձնաժողովի կատարած աշխատանքի ամփոփ հաշվետվությունը, որը ներառում է խորհրդարանական լսումների, հանձնաժողովին հասցեագրված դիմումների եւ դրանց պատասխանների ու արդյունքների մասին տեղեկատվություններ եւ այլն: Մխիթար Հայրապետյանը հայտնեց, որ գործող կարգավորումներով, հանձնաժողովը կարող է որոշում կայացնել ընդհուպ երկու պատգամավորի կողմ քվեարկելու արդյունքում, որը խնդրահարույց է: Նախագծով առաջարկվում է նիստն իրավազոր համարել միայն հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելի անդամների ներկա գտնվելու դեպքում:
Նյութն ամբողջության՝ սկզբնաղբյուր կայքում











