Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Տեղեկացնում է «Նովոստի-Արմենիա»-ին:
«Մենք հակված ենք, որպեսզի ղարաբաղյան հակամարտության հետ կապված հարցերը լուծվեն բացառապես քաղաքական միջոցներով։ Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Հակամարտությունն ուժային միջոցով լուծելն անհնար է, կարելի է ընդամենը պայթեցնել տարածաշրջանը»,- ասել է նա։
Միաժամանակ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, թե ինչ է անում Կազմակերպությունը «հակաադրբեջանական հռետորությունը» կանխելու համար, Բորդյուժան նշել է, որ ինքը Կազմակերպությունում նման բանի մասին չի լսել։
«Մենք բոլորս դեմ ենք հակաադրբեջանական հռետորությանը։ Ադրբեջանը բարեկամական երկիր է, և ՀԱՊԿ–ում որևէ հակաադրբեջանական կամ ադրբեջանամետ քարոզարշավ չի տարվում»,– ասել է Բորդյուժան։
Իսկ խոսելով այն մասին, թե ինչ քայլեր է ձեռնարկում ՀԱՊԿ-ը սպառնալիքներին դիմակայելու համար, որոնք հնչում են իր անդամներից մեկի` Հայաստանի հասցեին, Բորդյուժան ասել է, որ Կազմակերպությունում հատուկ ուշադրություն են դարձնում ուժային բաղադրիչի զարգացմանը։











