ԼՀԿ-ն չի միանում ԲՀԿ-ի ՍԴ դիմելու դիմումին. այս պահին ՍԴ չեն դիմի

7

«Լուսավոր Հայաստանը» չի միանում այս պահին ԲՀԿ-ի ստորագրահավաքին ՍԴ դիմելու համար: Խմբակցությունը պնդում է, որ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ կդիմի միայն Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունից հետո, այսինքն՝ հուլիսի 7-ից հետո: Մարուքյանի համար կասկածելի է եղել այն հանգամանքը, որ ՍԴժն նախագծի քննարկման նույն օրը որոշել է վերսկսել Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը:

Նրա խոսքով՝ այդ քայլով իրենք ուզում են չխառնվել քաղաքական որևէ պրոցեսի՝ պնդելով, որ նախկինում էլ երբևէ կարծիք չեն հայտնել Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ: 

«Որպեսզի որեւէ ձեւով չմիջամտենք այս գործընթացին, այսինքն չընկալվի, որ մենք նույնպես փորձում ենք միջամտել այս գործընթացին… վեճի հետ կապված հարցերով Սահմանադրությունը տալիս է 3 ամիս ժամկետ, իսկ օրենքի հետ կապված ընդհանրապես ժամկետ չկա: Հիմա մենք դիմումի վրա կաշխատենք, կուժեղացնենք մինչեւ այն պահը, եւ հենց որ այդ գործով նիստը տեղի կունենա եւ կավարտվի, ՍԴ կմուտքագրվի հակասահմանադրական ճանաչելու հետ կապված մեր դիմումը: մոտավորապես օրերի խնդիր է: ԼՀԿ-ն գործընթացը պահպանելու է միայն իրավական տիրույթում, եւ թույլ չենք տալու, որ կողմերից մեկն ի շահ ծառայեցնի այս գործընթացը: Ավելին, մենք ըստ էության, սկզբունքային պաշտպանության դերից ենք հանդես գալիս»:

Պատգամավորը նշեց, որ իրենց խնդիրն այն է, որ Սահմանադրության վրա որևէ մեկը ոտքերը չսրբի: