ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի ներկայացուցիչները հանդիպել են, և երկու հակասական, միմյանցից տարբերվող կարծիքներ են հայտնել: ՀԱԿ-ը կարծես չի էլ նեղվում այս հակասություններից, սակայն ԲՀԿ-ն շատ զգուշավոր է: Ասենք, ՀԱԿ-ը այս «սպասված» հանդիպման ընթացքում խոսել է ոչ միայն կառավարության հրաժարականի, այլ նաև Սերժ Սարգսյանի հրաժարականի, արտահերթ ընտրությունների մասին, իսկ ԲՀԿ-ն, ի հակադրություն, դեմ է միայն կառավարության սոցիալ-տնտեսական ծրագրերին՝ ոչինչ ավելին, այսինքն՝ ԲՀԿ-ն դեմ չէ Սերժ Սարգսյանի կառավարմանը: ՀԱԿ-ը արդյունավետ է գնահատում հանդիպումը, ԲՀԿ-ն երկու ուժերի միջև մոտեցումների և հարցերի լուծման վերաբերյալ տեսանելի տարբերություններ է տեսնում: Միայն այս հայտարարությունից կարելի է վստահորեն պնդել, որ ԲՀԿ-ն ինչպես միշտ շարունակում է իշխանությունների կցորդը լինել, սակայն ինչպես բոլորիս է հայտնի, իշխանությունը ևս սիրում է իր ներսում կիսաընդդիմադիր ուժ ստեղծել հավասարակշռության և դաշտն իր ուզած ձևով ուղղորդելու համար: Իսկ այս պարագայում ի՞նչ է ուզում ՀԱԿ-ը՝ Լևոն Զուրաբյանի գլխավորությամբ: ՀԱԿ-ը իշխանափոխություն է ուզում, նոր նախագահ (թե ում են ուզում նախագահ դարձնել հարց է, քանզի ԼՏՊ-ն միանշանակ չի ուզում), սակայն Լևոն Տեր-Պետրոսյանն ինքը խոստովանեց, որ իրենք միայնակ իշխանափոխության չեն հասնի, դա կարող են անել միայն ընդդիմադիր ուժերի հետ միասին՝ մասնավորապես ԲՀԿ-ի: Ինչպես տեսնում ենք, ԲՀԿ-ն իշխանափոխություն չի ուզում, այսինքն՝ ԼՏՊ-ի ցանկությունն այս տեսանկյունից անհնար է: Մի խոսքով, այս համագործակցությունը միայն խոսքերով է արդյունավետ, գործնականում անհանր է:
Ինչ վերաբերվում է ՀՅԴ-ին և «Ժառանգությանը»:
ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը մի՞գուցե որոշ հարցերում համամիտ են, սակայն վստահաբար իշխանափոխություն իրականացնելու ճանապարհին այնքան շատ կլինեն հակասությունները, որ չի լինի ոչ իշխանափոխություն, ոչ էլ որևէ կարգի փոփոխություն: Հետո էլ ՀՅԴ-ն ու նախկին ՀԱԿ-ականները, մեղմ ասած, ժամանակին թշնամիներ էին, այսօր ինչպե՞ս են բարեկամանում:
«Ժառանգության» մասին պատմությունն է խոսում: Խորհրդարանական ընտրություններին «Ժառանգությունը» «Ազատ Դեմոկրատների» հետ համագործակցեց, իր թիմակիցներին դուրս մղեց, և ամիսներ անց այս միությունը մասնատվեց և «Ժառանգություն» խմբակցությունը մնաց մեկ-երկու հոգով: Վստահաբար համատեղ պայքարում «Ժառանգության» հավակնությունները շատ կլինեն, հավակնությունները երկու կողմից էլ ակնհայտ են, զիջումներն անկանխատեսելի: Բացի այդ երբեք չի էլ ստացվել ՀԱԿ-«Ժառանգություն» համագործակցությունը:
Այստեղ ակնհայտ է, որ այս բոլոր համագործակցությունները, հանդիպումները, փուչ խոսակցությունները, գլխափոխության համար անվերջ կոչերը անիմաստ են և կրկին ժողովրդի վրա հոգեբանորեն ազդելու համար են արվում: Այս ուժերը ուզում են իրենց մասին հիշեցնել, որ ժողովուրդը պարզապես չմոռանա նրանց, որ երբ հարմար պահ լինի գլխափոխության, իրենք առաջինը հայտնվեն տեսադաշտում: Նրանք պարզապես աթոռ են ուզում: Իսկ Տեր-Պետրոսյանին պահում են ստվերի համար, քանզի նրա ստվերը, ոչ գործունեությունն ու էությունը, հրապարակ մարդիկ է բերում, հոգիներ կան, որ դեռ հավատում են այդ ստվերի իսկությանը, սակայն ապարդյուն: Իսկ Գագիկ Ծառուկյանի ստվերը նախագահի ընտրություններին անէացավ, երբ հազարավոր մարդկանց հոգին կոտրեց հանուն միլիարդների: Ծառուկյանն այսօր էլ շարունակում է կոտրել այդ մարդկանց հոգիները, երբ հրաժարվում է «այդքան սպասված» գլխափոխությունից: Ինչուն պարզ է: Ծառուկյանը գիտի, որ ընդամենը փոքրիկ հակադրություն և միլիարդներն աստիճանաբար հօդս կցնդեն, որ ստվերում գործելն այլևս կլինի անհնար, որ բոլոր հանցանքները ջրի երես դուրս կգան, որ գործարաններն ու շահույթները ուրիշի ձեռքում կհայտնվեն, նման օրինակները ողջ աշխարհում բազմաթիվ են, իսկ աշխարհը գործում է նույն կանոններով: Իսկ Ծառուկյանը Իվանիշվիլի, ինչպես որ Տեր-Պետրոսյանն է ուզում, չի դառնա, ոչ թե նրա համար, որ Իվանիշվիլին շատ փող կամ խելք ուներ, ուղղակի դեռ Ծառուկյանի ժամանակը չի եկել, և անհայտ է կգա, թե՝ ոչ:
Այսպիսով, գլխափոխություն մինչև 2018, համենայն դեպս, այս ուժերի կողմից դժվար է սպասել, այս մասին քաջ գիտակցում է նաև ՀՀԿ-ն, սակայն չի կարելի բացառել այլ ուժերի կողմից իրական հեղափոխության իրականացումը:
Ժամանակն է մտածել ոչ թե գլխափոխության, այլ իրական հեղափոխության, իրական ազգանվեր համակարգ ձևավորելու մասին, իհարկե, առանց ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, «Ժառանգության» ու ՀՅԴ-ի, նոր ուժ է հարկավոր: Ստվերներից արդեն հոգնել են մեր հոգիները:











