Որոշում կա, ըստ որի՝ մինչև մայիսի 7-ը զինծառայողներից պետք է հետ գանձվեն 9-րդ ծրագրից ստացված գումարները: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը:
Պատգամավորը հիշեցրեց, որ ծրագրի շահառուներ են հանդիսանում 0-18 տարեկան երեխա ունեցող ընտանիքները, որտեղ երկու ծնողներն էլ չունեն գրանցված աշխատանք:
Իսայանի խոսքով՝ միանվագ 26.500 դրամի չափով օժանդակություն են ստացել նաև պայմանագրային զինծառայողները, մինչդեռ պարզ է, որ նրանք գրանցված աշխատողներ են և, ըստ տրամաբանության, չէին կարող այս ծրագրի շահառու լինել։
«Սա այն շեղումներից է, որի համար կարելի է միայն ուրախ լինել, քանի որ մեր սպաների ընտանիքները միայն այս օժանադակությանը չէ, որ արժանի են: Խնդիրն այն է, որ ուժային կառույցների ներկայացուցիչները, որոնք ստացել էին այս գումարը, պետք է հետ վերադարձնեն: Իմ ձեռքի տակ է հայտնվել Գլխավոր շտաբի պետի գրության պատճենը, որ մինչև մայիսի 7-ը հարկավոր է հավաքագրել բոլոր այն զինծառայողների տվյալները, որոնք օգտվել են այս օժանդակությունից, որպեսզի նրանցից հետ գանձվեն այդ գումարները»,- նշեց պատգամավորը:














