Հայկական կողմը հաստատել է, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղից Ադրբեջանական սահմանը հատել է 1991 թվականի ծնված Արսեն Խոջոյանը:
Տեղեկատվության համաձայն՝ Խոջոյանը ոչխար է արածեցրել արոտավայրում և չի բացառվում, որ մառախուղի պատճառով մոլորված լինի:
Իսկ մինչ հայկական կողմից լուրը փորձում էին ճշտել, ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ ուրբաթ օրը ժամը 17-ի սահմաններում Թովուզի շրջանում է հայտնվել Հայաստանի քաղաքացի 23-ամյա Արսեն Խոջոյանը՝ քաղաքացիական հագուստով: Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ այդ փաստը հաստատել է Ադրբեջանի գերիների, պատանդների և անհետ կորածների հանձնաժողովը: Ադրբեջանական կայքերից մեկը հրապարակեց նաև Խոջոյանի լուսանկարը: Հաղորդվում էր, որ Արսեն Խոջոյանին տեղափոխում են Բաքու, որտեղ նրան պետք է այսօր հարցաքննեն:
«Ազատություն» ռադիոկայանը դիմել է Գերիների, պատանդների ու անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանին, ով նշել է. «Սահմանահատման հանգամանքները առայժմ ճշտվում են, լրացուցիչ ոչինչ ասել չեմ կարող այս պահի դրությամբ»: Կապրիելյանը հաստատել է, որ Կարմիր Խաչին հայկական կողմը տեղյակ պահել է: «Եվ պահանջ ենք առաջ քաշել, որպեսզի Բաքվի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը շուտափույթ կերպով այցելի Արսենին և տեղեկությունները հայտնի հայկական կողմին: Առայժմ ոչ մի նորություն չունեմ», – հավելեց նա:














