Էրեբունի թանգարանի տարածքում նախատեսված է Վանի թագավորության ուտեստներով ճաշարան

112

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքում վերականգնման աշխատանքների արդյունքում կբարելավվի հնավայրի տարածքը, գրադարանների, գրապահոցների, հնագիտական նմուշների վերականգնումից բացի, տարածքներում ճաշարան ու հուշանվերների խանութ կլինի: Այդ մասին հայտարարել է Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը լրագրողների հետ հանդիպմանը:

Գյուրջյանը տեղեկացրել է, որ ցանկապատին և պահակակետերին վերաբերող աշխատանքային նախագիծն արդեն պատրաստ է, իսկ էսքիզային նախագծերը, որոնք վերաբերում են միջնաբերդին, պալատական կառույցներին, կարասային սրահին, Խալդի աստծո տաճարին, Վանի խոհանոցին, դեռևս՝ ոչ:
«Փորձում ենք համատեղ ներկայացնել ոչ նյութական և նյութական ժառանգությունները: Եթե ստեղծում ենք ճաշարան՝ չի նշանակում, որ թանգարանի տարածքում ռեստորան է բացվելու»,- շեշտել է Գյուրջյանը:
Վերջինիս խոսքով՝ հնավայրի պեղումների արդյուքնում հայտնաբերվել են գարու, սիսեռի, սալորի և այլ գյուղատնտեսական ապրանքների մնացորդներ, ուստի ճաշարանը կլինի Վանի վերստեղծված բնակելի տանը, կլինեն Վանի թագավորության բաղադրատոմսերով ուտեստներ, իսկ աշխատողները կկրեն այդ շրջանին բնորոշ տարազներ:
Հանդիպմանը ներկա «Երևան նախագիծ» ՓԲԸ տնօրեն Սիրեկան Օհանյանն իր հերթին անդրադարձել է Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի մասնաճյուղեր հանդիսացող Կարմիր բլուր ու Շենգավիթ հնավայրերին:
«Երևան նախագիծ» ՓԲԸ տնօրենը հայտնել է, որ Շենգավիթ հնավայրի վերականգնողական աշխատանքների համար հարկավոր է 2 մլն դոլարի ներդրում, Կարմիր բլուրի համար՝ 3 մլն դոլարի, իսկ Էրեբունի հնավայրի համար՝ 8 մլն դոլարի, սակայն ֆինանսական հնարավորություններ չունենալու պատճառով որոշել են վերականգնողական աշխատանքների մեջ մասնավորի բաղադրիչը ևս մտցնել: