Իսրայելյան The Jerusalem Post թերթը քննադատել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վերջինիս վարած քաղաքականության վերաբերյալ՝ շեշտելով, որ Էրդողանն այդ ամենն անում է նույնիսկ այն պարագայում, որ չի էլ ընդունել 1915թ-ի հայերի դեմ իրագործած սպանությունները:
«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Jerusalem Post-ին, հաղորդում է, որ Իսրայելի օգտին աշխատող իրանցի գործակալներին Թեհրանին հանձնելու Թուրքիայի քայլի հետ կապված թերթը գրել է. «Իսրայելի և Թուրքիայի միջև հետախուզության բնագավառում 50 տարվա համագործակցությունից հետո Mossad-ի 10 գործակալներին Անկարայի կողմից Իրանին հանձնելը ցույց է տալիս Թուրքիայի իսլամիստ-դիկտատոր վարչապետ Էրդողանի իշխանության օրոք թուրք-իսրայելական հարաբերությունների վատացման խորությունը: Իսկական նպատակները թաքցրած Էրդողանն աշխատում է իրեն ժողովրդավար իսլամիստ ցույց տալ: Սակայն այդ բոլորը շատ հեռու են իրականությունից: Էրդողանն իսլամիստ և նողկալի ֆանատիկոս է: Էրդողանի որդեգրած ուղին ոչ թե ժողովրդավարության ճանապարհը բռնած առաջնորդի, այլ օսմանցի սուլթանի է հիշեցնում: Էրդողանն իր պաշտոնն օգտագործում է մամուլին սպառնալու և ընդդիմությանը վերացնելու համար»,- նշել է թերթը:
The Jerusalem Post թերթն ընթերցողներին հիշեցրել է Մավի Մարմարա նավի միջադեպի հետ կապված Իսրայելի ներողություն խնդրելու մասին Էրդողանի պահանջը, և նշել, որ Իսրայելը դա չի արել’ առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ, իսկ Էրդողանը հետ է կանչել իր դեսպանին և աշխատել խոչընդոտել միջազգային կազմակերպություններին և ՆԱՏՕ-ին Իսրայելի անդամակցությանը:
«Եվ այս բոլորն անում է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իր երկրում 1,5 մլն հայերի կոտորածը չընդունող առաջնորդը», -գրել է թերթը:
Հ.Գ. Նշենք, որ Իսրայելը նույնպես մեծ ներդրում ունի առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի հանդեպ իրագործված ցեղասպանության հարցում և Էրդողանին մեղադրելով, այդ երկիրը նույնպես պետք է մտածել իր իսկ վարքագծի մասին: Չէ որ իրենք նույնպես մինչ օրս չեն ընդունում 1.5 մլն հայերի հանդեպ գործած ոճիրները:














