Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ

7
Մայիսի 14-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից:

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային կառույցների՝ ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովն անդրադարձ կատարեցին ԼՂ խաղաղ գործընթացին:

Նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված խնդիրների հասցեագրման համատեքստում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարևորեց հակամարտության բոլոր կողմերի անվերապահ հանձնառությունն ապրիլի 21-ին Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ և միջնորդությամբ ընդունված հնգակողմ հայտարարության դրույթներին: