«ԱԺ նախկին պատգամավոր, ընտրակաշառքի գործով անցնող Աբրահամ Մանուկյանն առերեսվել է «Երևանշին» ընկերության տնօրեն Վազգեն Պողոսյանի հետ: Առերեսման ժամանակ վերջինս նշել է, որ երբևէ ընտրակաշառք բաժանելու հանգամանք իմ վստահորդի հետ չի քննարկել, ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ որևէ խոսակացություն չի ունեցել, ինչը ևս մեկ անգամ փաստում է՝ իմ վստահորդի հետ կապված հիմնավոր կասակած չկա։ Աբրահամ Մանուկյանին առնչվող միայն «Երևանշին» ընկերության տնօրեն Վազգեն Պողոսյանն է ցուցմունք տվել, այլ ցուցմունք չկա»,-այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Աբրահամ Մանուկյանի պաշտպան Հրանտ Անանյանը՝ ավելացնելով, որ նախաքննական գաղտնիքից ելնելով՝ ավել բան չի կարող ասել:
Փաստաբանը նշեց՝ իր պաշտպանյալի մասնակցությամբ կատարվել են մի շարք քրեադատավարկան գործողություններ, բոլոր քննչական գործողություններն, ըստ էության, ավարտվել են ու դրանց միջամտելու վտանգներ այլևս չկան։ Ինչ վերաբերում է խափանման միջոց կալանքի հետ կապված վերաքննիչ բողոքին, նշեց, որ այն ներկայացրել են երկուշաբթի օրը: «Աբրահամ Մանուկյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտություն չկա, քանի որ միջին ծանրության հանցագործության որևէ հիմնավոր կասկած չկա»,-ասաց նա:











