Եթե ես կատարեի քաղաքական պատվեր, մինչ օրս կզբաղեցնեի ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոն. Վանեցյան

12
Մենք գտնվում ենք այստեղ քաղաքական համերաշխություն հայտնելու նպատակով, երեկ էլ մեր կողմից տարածված հայտարարության մեջ գնահատականներն ամբողջովին տրված են: Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Վանեցյանը շեշտեց՝ այս գործը միանշանակ ունի քաղաքական ուղղվածություն:

«Փորձ է արվում քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու։ Գլխավոր դատախազը, որը ներկայացրեց մեղադրանքները, որևէ կերպ չկարողացավ համոզել հանրությանը, ինձ, որ մեղադրանքը հիմնավոր»,- ասաց նա:

Հարցին՝ մտավախություն չունի՞, որ իր նկատմամբ նույնպես գործ կհարուցվի, Վանեցյանը պատասխանեց. «Վերջին շրջանում ՀՀ-ում իրականացվող ապօրինի և քաղաքական նպատակ ունեցող հետապնդումները կարող են հիմք տալ, որ մենք մտածենք՝ հնարավոր է, որ իմ նկատմամբ իրականացվի որևէ գործողություն, բայց ես առիթ ունեցել եմ ասելու, որ օրինական ճանապարհով զրկել ինձ ազատությունից ուղղակի հնարավոր չէ, որովհետև ես որևէ ապօրինի բան չեմ արել»:

Ինչ վերաբերում է հարցին՝ իրեն ևս իջեցրե՞լ են քաղաքական պատվեր, Վանեցյանն ասաց. «Եթե ինձ իջեցված լիներ քաղաքական պատվեր, և ես կատարեի այդ քաղաքական պատվերը, ես մինչ օրս կզբաղեցնեի ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնը և կանեի այդ քաղաքական պատվերները»: