Եթե այս միտումը պահպանվի, մայիսի 24-ին կունենանք 6.350, իսկ հունիսի 8-ին՝ մոտ 12.700 դեպք. Թորոսյան

5

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ամփոփելով կորոնավիրուսային հիվանդության տարածման վերջին օրերի միտումները՝ ուզում եմ տեղեկացնել, որ մենք այս պահին գտնվում ենք դեպքերի 15-օրյա կրկնապատկման փուլում:

Դա նշանակում է, որ եթե այս միտումը պահպանվի, ապա մենք մայիսի 24-ին կունենանք մոտ 6.350 դեպք, իսկ հունիսի 8-ին՝ մոտ 12.700 դեպք:

Իհարկե՝ կունենանք նաև կորոնավիրուսային հիվանդությունից բուժված հազարավոր և, դժբախտաբար, նաև մահացած տասնյակ քաղաքացիներ, որոնցից ոմանք, չի բացառվում, որ լինեն մեր տարեց կամ քրոնիկական հիվանդություններով մտերիմներն ու հարազատները, մեր հայրերը և մայրերը, մեր տատիկներն ու պապիկները (շաքարային դիաբետ, զարկերակային գերճնշում, սրտի իշեմիկ հիվանդություն, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն և այն): Այս ամենը շեշտում եմ, որպեսզի վերհիշենք մեր անփոփոխ օրակարգը՝ պահպանել բոլոր սահմանված կանոնները և դանդաղեցնել վիրուսի տարածումը:

Նոր վարքագիծ որդեգրելու այլընտրանքը վերոշարադրյալ կամ ավելի վատ սցենարն է: Մենք ստիպված ենք լինելու դեռ երկար ժամանակ պահպանել բոլոր կանոնները:

Հ.Գ. Վաղը մի քանի ժամով անձամբ լինելու եմ կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող հիվանդանոցներից մեկում և ուղիղ եթերով ներկայացնելու եմ վերակենդանացման բաժանմունքում բուժվող պացիենտների հիվանդությունների պատմությունները»: