Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ ինքնասպանության հասցնելու հոդվածվով քրեական գործ է հարուցվել

9
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ  քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի  110-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` ինքնասպանության հասցնելը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը։ Վերջինս հայտնեց, որ դեպքի վայրում հայտնաբերվել է GLOCK տեսակի ատրճանակ։
 
«Մենք հենց տեղում պարզել ենք, որ իր զենքն է, պարգևատրման կարգով ստացել է Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարի կողմից»,- ասաց Արթուր Մելիքյանը։ Վերջինս նշեց, որ սենյակում, որտեղ հայտնաբերվել է Գեորգի Կուտոյանի դին, 3-4 տասնյակ պարկուճներ և գնդակներ են հայտնաբերվել, սենյակի պատերին եղել են բազմաթիվ  վնասվածքներ։
 
Մելիքյանն ասաց, որ թեև քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով, մահվան դեպքով բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվում։
 
«Կարող է լինել նաև սպանություն՝ քողարկված ինքնասպանությամբ»,- ասաց Արթուր Մելիքյանը՝ նշելով, որ քննչական հետագա գործողությունների արդյունքում կպարզվի ճշմարտությունը։
 
ՔԿ նախագահի տեղակալի խոսքով՝  արտաքին զննությամբ Կուտոյանը վնասվածք ունի քունքի շրջանում, իսկ դատաբժշկական փորձաքննությամբ հնարավոր կլինի պարզել՝ այլ վնասվածք ունեցե՞լ է, թե՞ ոչ։
 
Նշենք, որ քննչական գործողությունները դեպքի վայրում դեռեւս շարունակվում են, Արթուր Մելիքյանն ասաց, որ գործի շրջանակներում անձինք են հարցաքննվում, թե ովքեր, լրագրողներին չհայտնեց։