«Այս պահին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կառուցվելիք սեզոնային սրճարանի տեղադրման աշխատանքները սառեցված են»,- այս մասին տեղեկացրել է մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին պետ Ալլա Սերոբյանը: Նխարարության աշխատակիցը Panorama.am-ի հետ զրույցում նշել է, որ սրճարանի հետ կապված որևէ նոր զարգացումներ չկան, որոշում չկա: Այսօր օրակարգայինը հենապատի վերաշարման աշխատանքներն են:
Ա. Սերոբյանը նաև նշել է, որ հենապատի վերաշարման աշխատանքներն ավարտելուց հետո հենց հենապատի տակ կդրվեն նստարաններ: Բացի այդ, ըստ նրա, տուր-օպերատորները քննարկումների ժամանակ նշում էին, որ այն հատվածում, որտեղ նախատեսված է կառուցել սրճարան, իրենց դիտակետն է. «Այդ հատվածը խորդուբորդ է, հավանաբար գազոնով կհարթեցվի՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով զբոսաշրջիկների համար»:














