Արմավիրի մարզի Քաղաքատեղի Արգիշտիխինիլի հուշարձանի (մ.թ.ա. 8-5-րդ դդ.) տարածքում Արմավիրի մարզի ոստիկանության աշխատակիցների օպերատիվ միջոցառումների արդունքում փետրվարի 24-ին հայտնաբերվել և ոստիկանության բաժանմունք բերման են ենթարկվել հուշարձանի տարածքում գանձագողությամբ զբաղվող երկու անձինք: Տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից, փաստի առիթով իրավապահների կողմից նյութեր են նախապատրաստվում: Գանաձագողություն կատարած Էդուարդ Վարդանյանը և Միսաք Սիմոնյանը ստորագրությամբ բաց են թողնվել այն բանից հետո, երբ իրավապահներին են ներկայացրել հուշարձանի տարածքից ապօրինաբար հանված արժեքները:
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ինեսսա Կարապետյանի փոխանցմամբ` երիտասարդները քանդել են Վանի թագավորության ժամանակաշրջանի հուշարձանի արևմտյան ամրոցի վերևի շերտը: Նրանք յուրացրել են միջնադարյան (12-13 դ.) ժամանակաշրջանի դրամներ, պղնձադրամների կտրտանքներ, ուրարտական ժամանակաշրջանով թվագրվող նյութեր` ձիասահքի համալիր, սանձի լկամ, ճարմանդներ, զանգակներ, բրոնզե բոժոժներ և այլն: Ոստիկաններին ներկայացված գողոնը պատմամշակութային արժեք ներկայացնող արտեֆակներ են:
Գանձագողերի կողմից մատնանշված հատվածը ժամանակին ուսումնասիրել և պեղել է հնագետ Հարություն Մարտիրոսյանը, սակայն, կան նաև չհետազոտված տարածքներ: Ինեսա Կարապետյանը չի բացառել նաև, որ նախաքննության ընթացքում գանձագողերը հնարավոր է այլ արժեքներ ևս հետ վերադարձնեն:
Նշենք, որԱրգիշտիխինիլին Վանի թագավորության վարչատնտեսական և պաշտամունքային կենտրոն էր։ Կառուցվել է թագավորության ընդարձակման ընթացքում՝ Արգիշտի Ա թագավորի կողմից մ.թ.ա. մոտ 776 թվականին և անվանակոչվել է վերջինիս անունով։ Գոյություն է ունեցել մ.թ.ա. 8-5-րդ դարերում։ Արգիշտիխինիլի քաղաքի փլատակները տեղակայված են Արմավիր քաղաքից 15 կիլոմետր՝ հարավ-արևմուտք, Նոր Արմավիր և Արմավիր գյուղերի միջև։ Քաղաքը կառուցվել էր Արաքսի ձախ ափի միջին հոսանքում։














