Գագիկ Ծառուկյանը որևէ քրեական գործով չի հարցաքննվել. ՔԿ նախագահ

15
Գագիկ Ծառուկյանը որևէ քրեական գործով չի հարցաքննվել, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։

«Մեզ մոտ Հյուսիս-հարավի երկրորդ տրանշի վերաբերյալ մի դրվագ կա, որով ունենք հինգ մեղադրյալ ներգրավված, որոնց վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ կալանավորելու համար, սակայն դատարանը գրավ կիրառեց։ Անձամբ Գագիկ Ծառուկյանի առնչությունը այնտեղ չկա։ Նախ պատգամավորները Քննչական կոմիտեի սուբյեկտները չեն, ՀՔԾ սուբյեկտներն են, երկրորդ, չունենք նման գործ։ Մենք հրապարակումը տվել ենք, որ այդ գործով անցնում են Սեդրակ Առուստամյանը, Սուրեն Ավագյանը և այլն»- ասաց ՔԿ ղեկավարը։

Նրա խոսքով՝ ևս մեկ գործ է քննվում՝ կապված Գինու, կոնյակի, օղու կոմբինատի ղեկավար կազմի վերաբերյալ, տնօրենի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան։ «Այնտեղ վնասի չափը շուրջ 120 մլն է, վերականգնված չէ։ Մեկ էլ այդ գործն է, որ ինչ-որ կերպ առնչվում է Ծառուկյանին»,- հավելեց Գրիգորյանը։