Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում հունիսի 16-ին քննարկվել է Հայոց ցեղասպանության հարցը։ Տեղեկանում ենք Բրիտանիայի խորհրդարանի պաշտոնական կայքից:
Նշվում է, որ բարոնուհի Քերոլայն Քոքսը հետաքրքրվել է, թե արդյո՞ք Բրիտանիան պատրաստվում է 1915 թվականին հայերի, հույների ու ասորիների սպանությունները ճանաչել որպես ցեղասպանություն։
Քորթաունի կոմս Ջեյմս Սթոփֆորդը ի պատասխան հայտնել է, որ իրենք ճանաչում են 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի և այլ խմբերի սարսափելի տառապանքները:
Ջեյմս Սթոփֆորդը շեշտել է, որ Բրիտանիայի առաջնահերթությունը պետք է լինի Թուրքիայի և Հայաստանի ժողովուրդներին ու կառավարություններին օգնելը, որպեսզի միասին առերեսվեն համատեղ պատմությանը:
Ի պատասխան բարոնուհի Քոքսը հիշեցրել է, որ աշխարհի ավելի քան 20 երկիր, այդ թվում՝ Ֆրանսիան, Կանադան, Լեհաստանը, Չիլին ու Ավստրիան, ճանաչել է 1.5 մլն հայերի, հույների ու ասորիների զանգվածային սպանությունները։ Նաև հիշեցրել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին ու հարցրել՝ Մեծ Բրիտանիայի տեսակետն այդ հարցում չի՞ փոխվելու։
Կոմսը ընդգծել է, որ իրենք հարգում ենք Հռոմի պապի տեսակետը:











