Բենզինի շուկայի մենաշնորհի հարցը կլուծի ղազախական վառելիքը

14

Ղազախստանից Հայաստան էժան վառելիք կառաքվի: Նման հնարավորություն է ընձեռվում Հայաստանի ու Ղազախստանի միջև ստորագրվող «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև ՀՀ նավթամթերքի մատակարարումների բնագավառում առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրով, որով Հայաստանն ազատվում է ներմուծման մաքսատուրքից։

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հարցի քննարկման ընթացքում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ Ղազախստանից էժան վառելիքի ներկրման արդյունքում ՀՀ վառելիքի շուկայում մրցակցություն կստեղծվի, ինչը դրական կազդի նաև բենզինի շուկայի վրա:

«Որքան էլ, որ ասենք՝ 2018թ-ից հետո մենաշնորհային երևույթները ՀՀ վառելիքի շուկայում մեղմացել են, բայց դա չի նշանակում, որ վերացել են: Մեր սպառողների իրավունքների պաշտպանության ու մրցակցությունը խթանելու առումով մենք դեռ շատ անելիքներ ունենք»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն էլ շեշտեց, որ նախագիծը թույլ կտա հավասար պայմաններ ստեղծել նաև այդ երկրից բենզին ու դիզվառելիք ներկրողների համար:

«Այսինքն՝ մենք կդիվերսիֆիկացնենք մեր շուկան, կհայտնվեն նոր խաղացողներ»,- պարզաբանեց նա: