Բացառված է, որ Հայաստանին բանակցային բովանդակություն պարտադրվի որևէ սպառնալիքի ներքո. Փաշինյան

9
Այն բովանդակությունը, որ մեր կառավարությունը 2018 թվականից հետո դրել է Ղարաբաղի հարցի ու տարածաշրջանային քաղաքականության հիմքում, այն ընկած է խաղաղության բովանդակության վրա, և դա տեսանելի է միջազգային հանրության համար: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ:

«Արցախի հարցի որևէ կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների համար,- կրկնեց Փաշինյանը՝ ավելացնելով,- Իսկ այն քաղաքականությունը, որ վարում է Ադրբեջանը շատ երկար ժամանակ, ռազմաշունչ հայտարարությունների տրամաբանության վրա է: Այդ ռազմաշունչ հայտարարությունների հիմնական նպատակն այն է, որ Արցախն ու Հայաստանն այս ամբողջ պրոցեսն ընկալեն վախերի պրիզմայով:

Միայն այդ պարագայում կարող էր ռազմաշունչ հայտարարությունների վրա հիմնված քաղաքականությունը լիներ արդյունավետ: Բայց քանի որ հայ ժողովուրդը վախերի պրիզմայով, առավել ևս Արցախի հարցն ընկալելու մշակույթ չունի:

Եվ մենք ասել ենք, որ բացառված է, որ ՀՀ-ին բանակցային բովանդակություն պարտադրվի որևէ սպառնալիքի ներքո: Քանի որ հանգամանքների բերումով ռազմաշունչ բովանդակությունը արդյունավետ չէ, հայտնվում է տեղապտույտի մեջ»,- ասաց Փաշինյանը: