Բաղրամյան պողոտայում բարիկադներից այս կողմ վերածնվեց անկախության սերունդը: Ոստիկանության և պայծառ երիտասարդության մեջտեղում փայլեց նոր Հայաստան ստեղծելու հույսը: Հայ երիտասարդը և ոստիկանը իրար դեմ էին դուրս եկել, առաջինը՝ հանուն ապագայի էր պայքարում, երկրորդը՝ հանուն տիրոջ:
Օրեր շարունակ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիաներն ավելի մեծ թափ ստացան: Մինչ այդ բոլորի համար նողկալի Բաղրամյան 26 հիշեցնող պողոտան, շուրջ մեկ շաբաթ լուսավորված էր պայծառ դեմքերով: Անկախության տարիներին շատ են եղել բողոքի ակցիաներ, երթեր, Ազատության հրապարակը բազմիցս տասնյակ հազարավոր մարդիկ է հավաքել, Բաղրամյանը ևս հազարավոր բողոքող մարդիկ է տեսել, բայց ազգային վերածնունդ մեկ էլ 1988-ին էր տեսել: Սա ռոմանտիկա չէ, իրականություն է…
Անկախության սերունդն ու պատեհապաշտները
Բաղրամյանը մի քանի օր շարունակ մարդաշատությամբ ողջ աշխարհին ցույց տվեց, որ հայը դեռ ողջ է, ստրուկ չէ, պատրաստ է ոտքի կանգնել իր պատիվը պահելու, իր երկրում ապրելու իրավունքի համար կռիվ տալու: Հայ երիտասարդը ցույց տվեց, որ կարող է օրեր շարունակ մնալ նույն տարածքում, լինել պայծառ ու բարի, ոչ մի բռնություն,վայրագույթուն, անօրինություն չանել: Երբ իր դիմաց կանգնած էր կատաղած ոստիկանության բանակ, ով ոչ մի զիջում չի անում, նույնիսկ շարունակում է սուլել, երբ հրամայում են լռել: Եվ այս ամենը ընդամենը սոցիալական ֆոնի վրա, իսկ ինչ կլիներ, եթե այս շարժման համար լիներ հստակ գաղափար՝ ազգային հենքի վրա: Եթե Հայաստանը լիներ ազգային պետություն, մեր երկրի ղեկավարը վստահ իրեն երջանիկ կզգար, որ նման սերնդի համար է ծառայում: Բայց ավաղ…
Իրականում մինչ այս պահն էլ շարժման իրական գլուխը հայտնի չէ, բայց կարծես կարևոր էլ չէ պարզել, քանզի այն կարողացավ հազարաներով հայերի դուրս բերել և գիշերներ անցկացնել պողոտայում: Բաղրամյան էին եկել մարդիկ, ովքեր երբեք չեն մասնակցում որևէ ցույցի կամ նմանատիպ ակցիայի:
Իրականում Սերժ Սարգսյանի համար այս շարժումը երկկողմանի ազդեցություն ունեցավ: Մի կողմից սա լուրջ վտանգ էր նրա համար, որ ոստիկամության զորքերից չվախեցող հասարակություն է ձևավորվել, մարտի մեկի վախից ձերբազատված քաղաքացի, այսքան տարի գլխիկոր ապրած մարդն է բողոքում, մյուս կողմից Սարգսյանը օգտվեց այս շարժման հետևանքներից սեփական դիրքերը ամրապնդելու համար: Սարգսյանն այս շարժումով Ռուսաստանին կող ցույց տվեց՝ մի կողմից անմեղ երևալով, որ ինքը մեղավոր չէ, որ հայը դուրս է եկել փողոց, մյուս կողմից էլ վաղուցվանից նսեմացած իր դիրքերը մի փոքր բարձրացրեց Ռուսաստանի հանդեպ: Արևմուտքին իրականում շատ ձեռնտու իրավիճակ էր, քանզի տարածաշրջանում ցանկացած ցնցում իրենք կարող են հօգուտ իրենց օգտագոործել՝ (հաշվի առնելով ներսում եղած իրենց մարդկանց) ճնշելով Ռուսաստանին: Բայց արևմուտքի նկրտումները չտեղավորվեցին մեր էլեկտրաէներգիայի սակագնի բողոքի շրջանակներում:
Սարգսյանի մյուս «հաղթանակը» ռուսական 200 մլն դոլարի վարկն էր, որը նույն այդ Ռուսաստանից ռազմական տեխնիկա գնելու համար էր: Չնայած սա խայտառակ պարտություն էր նրա համար:
Շարժումն ավարտվեց…
Հունիսի 28-ին շարժումն ավարտվեց: Այո ավարտվեց, քանզի հենց այդ օրը կազմակերպիչները հրաժարվեցին հետագա ընթացքից, որը գնում էր դեպի քաղաքականություն, սակայն առանց գաղափարների և կանխավ մտածված ծրագրի: Չնայած որ առանց քաղաքական հետևանքների չի կարող ծնվել սոցիալական շարժում: Մնացին արևմտամետները, եվրոպամետները, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, մի խոսքով մի քանի հարյուր կամ ավելի քիչ մարդ, ովքեր ուզում են հոսանքի թանկացումը դարձնել իրենց երազած հեղափոխության պատճառ:
Վերածնունդ հիշեցնող շարժումն այսօր փորձում են տարբեր ուժեր ծառայեցնել սեփական քարոզին կամ նպատակին:: Եթե հունիսի 28-ին Բաղրամյան 26-ն իր ողջ ոստիկանության զորքն էր փողոց հանել և չգիտեր ինչպես ցրել տասնյակ հազար քաղաքացիներին և հավանաբար կազմակերպիչների պառակտման հողի վրա հետ քաշվեց, ապա այսօր Բաղրամյան պողոտայում ոչ մի զորք չկա, տարածքն ազատ է և նույնիսկ ուժ կիրառելու կարիք չկա, բայց Բաղրամյանը շարունակում է փակված մնալ: Թվում է, թե սա մեր ոստիկանության և Սերժ Սարգսյանի հանդուրժողականության հետևանքն է, շարժման հաղթանակը, բայց բնավ այդպես չէ: Ոստիկանությունը, ինչպես ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն օրեր առաջ ասաց, ուժ չի կիրառելու, քանզի գիտի, որ շարժումն ինքնըստինքյան կմարի, այսինքն՝ կխամրի այն հազարավորների փողոց դուրս գալն ու գիշերներ անցկացնելը: Սարգսյանը սույնով ուզում է ցույց տալ, որ իբր իրենք հիմա էլ թույլ ենք տալիս, ինչու չեն պայքարում ցուցարաները, իբր իրենք բարի են, հանդուրժող, կառուցողական, զիջող, իսկ հայը չի ուզում պայքարել: Այսինքն՝ հային լռեցնելու ևս մեկ քայլ՝ օրեր առաջ հաշվարկված: Իսկ այս խամաճիկ պատեհամոլ ուժերը փորձում են ձգձգել, արդեն իսկ տրամաբանական ավարտ ստացած շարժումը՝ աղավաղելով ձեռք բերածը և ջուր լցնելով Սերժ Սարգսյանի ջրաղացին, ով խորամանկ փորձում է նշել հերթական հեղթանակն ընդդեմ իր ժողովրդի:
Հարկավոր է արագ դադարեցնել այս խամաճիկությունը, քանզի էլեկտրաէներգիայի սակագնի հետ կապված այլևս որևէ բան չի կարող փոխվել, մինչև աուդիտի ավարտը, ինչը Սարգսյանի շախմատային քայլն էր, ուստի այլ գաղափարախոսություններ, եվրոպայի դրոշներ, արևմտյան գռանտներ հարկավեր չեն:
Այս պահին մեր միակ խնդիրը պետք է լինի գաղափարախոսության մշակումը՝ հիմնված ազգայինի վրա, և միայն այդ դեպքում սկսված շարժումը չի մարի և չի ընկնի պատեհապաշտների ձեռքը, այլ կշարունակվի և կհասնի իր կուլիմինացիային, քանզի սոցիալական շարժումը չի կարող սրանից ավելին անել և պետք էլ չէ:











