Ղարաբաղի հարցն ամբողջ հայության ջանքերով կլուծվի: Հունվարի 28-ին «Եռաբլուր» պանթեոնում ասաց Արցախի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ մեկնաբանելով Դավոսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զրույցը:
Նրա խոսքով՝ գործնականում ոչ ոք իրավունք չունի ղարաբաղյան հարցի վերաբերյալ բանակցություններ վարել:
«Կարելի է միջնորդ լինել, երաշխավոր, սակայն հայկական կողմի համար հետաքրքրություն չներկայացնող հարցերով բանակցություններ վարել, ոչ ոքի թույլ չեն տա», – ընդգծեց Բալասանյանը:
Հարցին՝ արդյոք Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հնարավորություն կա, նա դրական պատասխանեց, քանի որ «ժամանակները փոխվել են»:
Նրա խոսքով՝ Հայաստան-Ադրբեջան բանակցությունները պետք է ընթանան պաշտոնական փաստաթղթի շուրջ, մինչդեռ ներկայում այդ ամենը բանավոր է: «Նրանք, ովքեր խոսում են, որ ժողովրդին պետք է պատրաստել խաղաղության, ես առաջարկում և հորդորում եմ, որպեսզի համապատասխան ինստիտուտները, երկրի ղեկավարները նախ և առաջ տարածաշրջանում կնքեն խաղաղության պայմանագիր: Եթե մենք չունենք խաղաղության պայմանագիր, մենք չունենք այն փաստաթուղթը, որը միջազգային հանրությունը կճանաչի: Այդ դեպքում չի կարող ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասին խոսք գնալ»,- նկատեց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը:











